Օրհներգի տեքստում որևէ բան չի փոխվում, առաջարկը հետևյալն է, որ վերջին տունը դարձնենք երկրորդ, որ ՀՀ պետական օրհներգն ավարտվի «…Թող միշտ պանծա Հայաստան»-ով: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանեց, թե ինչու է կարծում, որ օրհներգը չպետք է ավարտվի «…Որ յուր ազգի ազատության կզոհվի»-ով:
Փաշինյանը պարզաբանեց՝ ընդունված է, որ հիմնից հետո ծափահարում են, ընդունված չէ պաշտոնական միջոցառումների ժամանակ հիմնից հետո չծափահարելը:
«Հիմնը հնչում է և ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս: Բայց ամեն անգամ դա դիսկոմֆորտ է առաջացնում: Ծափ չտանք, մի օր էլ ասուլիսին կարող եք ասել՝ մի ժամանակ Հայաստանում հիմնից հետո ծափ էին տալիս, հիմա դուք ծափ չեք տալիս: Ի՞նչ է նշանակում: Կարծում եմ՝ շատ նորմալ է, երբ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան»-ով, և մենք բոլորս ծափահարենք»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե պետական մակարդակով երբևէ չի ասվել՝ գնանք Արարատը հետ բերենք, հիմա ինչպե՞ս է, որ ասվում է՝ մեզ ժանգոտած, հին զենքեր են վաճառել, որովհետև կարծում ենք՝ Արարատը մերն է, Փաշինյանն արձագանքեց՝ նախ ընդգծելով, որ այժմ ինչ ձեռք է բերվում, ձեռք է բերվում հիմնականում նորը, ապա հավելեց.
«Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք առնվազն այնքան, որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել, նաև վաճառվել է: Ես խոսել եմ դրա մասին: Երբեք չի եղել, որ գործարանային արտադրության նվեր ստանանք, կամ եթե եղել էլ է, ամբողջն աուդիտ չեմ արել, եղել են շատ քիչ դեպքեր»,- ասաց նա: