![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/2-ANUSH-POXOSYAN.jpg)
ՀՀ Կառավարության երեկվա՝ հունվարի 30-ի նիստում որոշվեց «Մեծամորի հիվանդանոց» ՓԲԸ-ն եւ «Մեծամորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միաձուլման ձեւով վերակազմակերպել` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
Որոշվել է պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել Մեծամորի հիվանդանոցին, իսկ ստացիոնար ծառայությունները ենթարկել ներքին օպտիմալացման` միավորելով մեծահասակների եւ մանկական թերապեւտիկ բաժանմունքները մեկ թերապեւտիկ ծառայության մեջ՝ 20 մահճակալով, իսկ Վիրաբուժական բաժանմունքի 15 մահճակալների տեղերը կրճատել:
Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը կապ է հաստատել «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք այս ամենում կան կոռուպցիոն վտանգներ։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ArmLur.am-ին ասաց, որ հիվանդանոցային օպտիմալացում են անում։
-Խնդիրը այն է, որ Մեծամորի հիվանդանոցը տեւական ժամանակ շատ պարտքեր էր կուտակել, եւ վիրաբուժական ծառայությունը չէր աշխատում, այսինքն՝ չունեին վիրաբույժներ։ Մանկականն ու թերապեւտիկը կառավարության հետ որոշում կայացրին՝ լիցենզավորված պայման-պահանջների փոփոխությամբ: Ասացին, որ մարզերում հնարավոր է՝ մանկական թերապեւտիկ բաժանմունքները ծավալվեն մեկ բաժնում, այդ բաժինն էլ երկու սպասարկում անի. դրա հիմքով, որպեսզի աշխատուժը կրճատեն, այսինքն՝ մեկ պոստ պահեն, մի խումբ բուժքույրերի, սանիտարուհիների օպտիմալացումն են արել՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար:
Սա բոլոր մարզերում կատարվելու է, քանի որ կադրային անհասկանալի քաղաքականությունը՝ մարզային առողջապահության հետ կապված չմոտիվացնող, չսուբսիդավորող ծառայությունները, բերում են նրան, որ գնալով փակվելու են բաժանմունքները, այնուհետեւ՝ հիվանդանոցներ։ Ես վստահ եմ, որ շատ շուտով նման փոփոխություններ կլինեն նաեւ մյուս մարզերում։
-Տիկի՛ն Պողոսյան, այս փոփոխությունները ի՞նչ խնդիրներ կառաջացնեն:
-Ես կարծում եմ, որ առաջինը անհասանելիություն է առաջացնելու, քանի որ վիրաբուժական ծառայության համար այսուհետեւ Մեծամորի ազգաբնակչությունը պետք է իր տարածաշրջանից դուրս գա, իսկ գոհունակության ցուցանիշը մարդկանց մոտ հասանելիությունն է։ Այդ առումով բնակչությունը տուժելու է։ Իսկ երբ մանկական ու թերապեւտիկ բաժանմունքները միացնում են իրար, այստեղ կան նաեւ էպիդեմիոլոգիական խնդիրներ, այսինքն՝ վարակի տարածման վտանգ։ Ծառայությունները բերել ու իրար միացնելը ինչպե՞ս են պատկերացնում. օրինակ՝ սրտամկանի ինֆարկտով կամ ծանր թոք-սրտային անբավարարությամբ հիվանդ լինի, մյուս պալատում՝ մեկ տարեկան երեխա, որը հիվանդության պատճառով լացում է։ Կարծում եմ՝ պետք է իդեալական հոսքեր ապահովեն, որպեսզի ճիշտ լինի դա։ Իսկ արդյոք կարո՞ղ են իդեալական հոսքեր ապահովել, կարո՞ղ է մի բժշկական պոստում աշխատողը սպասարկել ե՛ւ մանկական, ե՛ւ մեծահասակ բուժայցելուներին։ Մենք նորից բժշկական սպասարկման որակի ռիսկերի ենք բախվում։
-Իսկ ի՞նչ կասեք կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:
-Կոռուպցիայի մասին թվերով պետք է խոսել։ Այստեղ խնդիրն այն է, որ լինելու են բուժպերսոնալի կրճատումներ։ Նորից մի քանի տասնյակ մարդ մնալու է անգործ՝ նման օպտիմալացումների հետեւանքով։ Իսկ թե տվյալ բժշկական կենտրոնը, խոսքը Մեծամորի մասին չէ, ինչպես կընտրի այդ պերսոնալին, ինչպես դրանով կաշխատի, արդյոք այդտեղ կդրվի կոռուպցիոն կոմպոնենտ, թե ոչ, ամեն դեպքը պետք է յուրովի քննարկվել։ Ենթադրենք՝ 4 բուժքույրից մեկին են միայն պահում, ինչպե՞ս են ընտրում այդ մեկին։ Այսպիսի հարցեր կան, որ մասնավոր, ինդիվիդուալ պետք է քննարկվեն։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԵԽԽՎ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձեւում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական պաշտոնյաներին եւ մյուս հայերին։ Այս մասին նշված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ։
Բանաձեւն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի եւ շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների եւ այլ անձանց՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց։
«Վեհաժողովը շարունակում է հետեւել Լեռնային Ղարաբաղի եւ բոլորի կալանավորված անձանց եւ ռազմագերիների հետ կապված իրավիճակին, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանում՝ վերահաստատելով նրանց ազատ արձակելու իր կոչը»,-նշված է բանաձեւում։
Վեհաժողովը նաեւ խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների վատթարացման առնչությամբ։
«Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված լինել Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացման, քաղաքական եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ իշխանության այլ քննադատների նկատմամբ բռնությունների առնչությամբ»,-նշված է բանաձեւում։
Բանաձեւը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները եւ անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով։ Այն իշխանություններին կոչ է անում փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» եւ «Լրատվամիջոցների մասին» օրենքում եւ ՀԿ-ներին վերաբերող համապատասխան օրենսդրության մեջ՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների։
Բանաձեւում նաեւ նշվում է, որ Ադրբեջանում 2024 թվականին կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին եւ կայացել են խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների պայմաններում: