2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հայտարարություններ, որոնք դարձել են մեծ խնդիր։ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ դեռ պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության ժամանակ ինչ է տեղի ունեցել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
Այդ հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հյուրերից որեւէ մեկը արձագանք չէր տվել Փաշինյանի հակահայ խոսքերին։
Այսօր հայկական լրատվամիջոցները Շվեյցարիայի Հայկական եւ Հայամետ Միությունների Խորհրդից (CAAS) Փաշինյանի խոսքերին ի պատասխան՝ մամուլի հետեւյալ հաղորդագրություն են ստացել։
«Արձագանք՝ ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարություններին.
Շվեյցարիայի Հայկական եւ Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորտներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ։ Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը եւ օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման եւ դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:
Ավելի քան կես դար Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է եղել զոհերի ժառանգների եւ հանուն պատմական արդարության գործող կազմակերպությունների համար։ Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ մենք կարծում ենք, որ այս ճանաչման կարեւորությունը թերագնահատելը կամ հարաբերականացումը հակասում են աշխարհասփյուռ հայ համայնքի ակնկալիքներին։
Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատվել են հարյուրավոր հետազոտողների, ակադեմիական հաստատությունների եւ մի շարք պետությունների կողմից, այդ թվում՝ Շվեյցարիայի, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003 թվականին իր Ազգային խորհրդի մակարդակով, բայց ամենակարեւորը՝ հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս պայքարը վեր է քաղաքական բաժանումներից եւ համընդհանուր արդարություն է հետապնդում:
CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը եւ նրա ներկայացուցիչներին կատարել իրենց պարտականությունները: Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներով, եւ չպետք է թույլ տա հայ ազգի հակառակորդներին շահարկել նման հայտարարությունները ժխտողական նպատակներով։ Մենք կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները եւ միանշանակ վերահաստատել իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, CAAS-ի, ընդհանրապես Սփյուռքի եւ այս գործի բոլոր դաշնակիցների պարտականությունը կլինի անդադար շարունակել այս պատմական պայքարը: Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների պատիվը, արդարության ու ճշմարտության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ երբեք չդադարեցվի այդ պայքարը՝ անկախ քաղաքական հանգամանքներից կամ հանդիպած խոչընդոտներից։
Մենք նաեւ կոչ ենք անում հայկական սփյուռքին եւ հայ ժողովրդի բարեկամներին մնալ միասնական եւ զգոն՝ ընդդեմ ռեւիզիոնիզմի (հաստատված փաստերի վերանայման) կամ մեր ընդհանուր գործը մղող հիմնարար արժեքներից հրաժարվելու ցանկացած փորձի։ Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների արժանապատվությունը եւ պատմության դասերը չեն կարող զոհաբերվել կարճաժամկետ շահերի անվան տակ։
Ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ մենք ձգտում ենք տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղության: Մասնավորապես, CAAS-ը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության հետ մեր համապարտությունը հայտնելու համար, հատկապես նրա ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության առնչությամբ։ Ուստի, հրամայական է, որ այս դժվարին պահին Սփյուռքն ու Հայաստանը մնան միասնական եւ հետեւողական իրենց հավատարմությանը միջազգային իրավունքին, արդարությանը եւ պատմական ճշմարտությանը: CAAS-ը վերահաստատում է ցեղասպանության ճանաչման եւ կանխարգելման իր անսասան հանձնառությունը եւ կշարունակի աշխատել իր գործընկերների հետ Շվեյցարիայում եւ միջազգային մակարդակում նոր հանցագործությունների կատարման դեմ պայքարելու, հիշողությունը պահպանելու եւ արդարությունը խթանելու համար»,- ասված է հայտարարությունում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀՀ-ՈՒՄ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիության երկրների դեսպանները երեկ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւս երկու տարի ՝ մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը։
«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ՝ Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ եւ հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը եւ դրանով նպաստել գետնի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:
Ըստ Հայաստանում Եմ առաքելության՝ այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաեւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:
Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջեւանի հատվածը։