2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն, 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երեւան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը, եղբոր, ինչպես նաեւ այլ անձանց օժանդակությամբ, իշխանական եւ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս.-ն, նպատակ ունենալով դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15.523 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասից իր եւ իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 1.939,029 քմ մակերեսով հողատարածքներ, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքը, ապօրինի առանձնացնելու եղանակով, դուրս բերել պետության գույքային ֆոնդից եւ մտցնել Երեւանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետեւ ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երեւանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ձեւականորեն մտցնել այլ անձանց գույքային ֆոնդ, որից հետո այն օտարել իրեն եւ իր մերձավորներին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:
Մասնավորապես՝ Ա.Ս.-ն դպրոցի տնօրենին առաջարկել է տարածքը բարեկարգելու պատրվակով կատարել դպրոցի սահմանների ճշտում եւ դրա տարածքից դուրս բերել նախկինում այլ անձանց կողմից ապօրինի կառուցված ավտոտնակները:
Դպրոցի տնօրենը Պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Ա.Ս.-ին հասցեագրված դիմում՝ խնդրելով սահմանների ճշտման արդյունքում ավտոտնակները դուրս բերել դպրոցի տարածքից։
Ա.Ս.-ն դիմումն ուղարկել է Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել հիշյալ դպրոցի սահմանների ճշտում եւ միեւնույն ժամանակ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն, որ դպրոցի սահմաններից դուրս բերվի նաեւ ավտոտնակների հետ չկապված, միմյանցից անջատ դպրոցապատկան եւս երկու հողակտոր:
Արդյունքում, կեղծ գրություն-եզրակացությամբ կազմված նախագիծը հաստատվել է Երեւանի քաղաքապետի որոշմամբ եւ թողարկվել է նոր հատակագիծ, համաձայն որի՝ հողամասի փաստացի մակերեսը կազմել է 11.761,57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15.523 քմ-ի փոխարեն:
Այնուհետեւ, Ա.Ս.-ն իր եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող եւ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 15.523 քմ մակերեսով հողատարածքից անհիմն նվազեցված, պետության գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերված եւ Երեւանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցված 3.851,43 քմ մակերեսով հողատարածքից 1.939,029 քմ մակերեսով հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ ձեւական աճուրդների միջոցով կազմակերպել է հիշյալ հողատարածքի եւ դրան միացված հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքների օտարումն իրեն եւ իր մերձավորներին։
2025 թվականի հունվարի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (փողերի լվացումը), մեկ անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) եւ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), վեց անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը)։
Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, մեկ անձի նկատմամբ՝ գրավ եւ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ գրավ եւ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն եւ չբացակայելու արգելք:
ՀՀ քննչական կոմիտե