Ֆրանսիական մշակույթը հարուստ է այնպիսի դեմքերով, ինչպիսիք են Պիեռ Ռիշարը, Մարիոն Կոտիյարը, Ֆրեդերիկ Դիֆենտան, Ժերար Դեպարտիեն, Լուի դը Ֆյունեսը եւ այլք։
Այսօր անդրադառնալու ենք հանրահայտ եւ սիրված ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսին։
«Ժողովուրդ» օրաթերթը իր ընթերցողներին է ներկայացնում դերասանի կյանքից հետաքրքիր դեպքեր։
Լուի դը Ֆյունեսը, կարելի է ասել, որ բազմակողմանի զարգացած էր։ Մանուկ հասակում նա իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»: Նա խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն եւ անգլերեն: Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ եւ դաշնամուր էր նվագում: Չնայած նշված հանգամանքներին՝ Լուին դպրոցում վատ էր սովորում, սակայն հոյակապ կերպով նմանակում էր ուսուցիչներին։ Դերասանական հմտությունները Լուիի մոտ նկատվել են դեռ վաղ տարիքից։
Լուի դը Ֆյունեսը ուներ բավականին անհանդուրժող բնավորություն։ Այդ մասին փաստում է նաեւ այն հանգամանքը, որ որտեղ աշխատել է նա, կարճ ընթացք է ունեցել այդ փորձառությունը։ Օրինակ, երբ դը Ֆյունեսը աշխատել է կարի արհեստանոցում, նրան հեռացրել են այն բանի համար, որ գնդասեղները նետել էր դեղձանիկի վրա, իսկ ֆոտոատելյեից վռնդել են այն բանի համար, որ սեղանի արկղի մեջ է նետել ճայթուցիկ, որի հետեւանքով առաջացել է հրդեհ։ Երիտասարդ Լուիին հեռացրել են նաեւ գլխարկների սրահում աշխատանքից, այն պատճառով, որ ղեկավարի դեմքին ջուր է լցրել։
Կինոռեժիսորները դը Ֆյունեսին ծաղրածու էին համարում եւ լուրջ դերեր չէին առաջարկում տեւական ժամանակ։ Դերասանը հաջողության հասել է 40 տարեկանում։ Մինչ իր հանրաճանաչությունը Լուի դը Ֆյունեսը աշխատել է կոշիկ մաքրող, ցուցափեղկերի զարդարիչ, թիթեղագործ, շրջիկ գործակատար։ Նրա աշխատասիրությունը վկայում է այն մասին, որ երբեք չպետք է հետ կանգնել նպատակներից եւ երազանքներից, երբեք չպետք է կիսատ թողնել ձեռնարկածը։
Դերասանը չի ունեցել նյութական անապահովություն, սակայն մանրակրկիտ կերպով հաշվարկել է իր ամեն մի ծախսը։ Դը Ֆյունեսը այնքան կարող էր մնալ շուկայում, գնի համար «բանավիճել» վաճառողների հետ, որ ապրանքը իրեն անվճար տրամադրեին եւ այդպիսով էլ խնայեր գումար։ Իր մտերիմներին Լուին կարող էր հոգնեցնել, ձանձրացնել եւ բարկացնել իր ժլատությամբ, անդադար փնթփնթոցներով։
Ասում են՝ դերասանը նաեւ հիշաչար էր։ Մի անգամ նա մերժել է Գրեյս Քելլիի առաջարկը՝ խաղալ բարեգործական ներկայացմանը, քանի որ Գրեյսը մի օր նկարահանման հրապարակի մոտով մեքենայով անցնելիս, որտեղ Լուի դը Ֆյունեսն էր, չի կանգնել, որ բարեւի նրան:
Լուի դը Ֆյունեսի բնավորությունը ապշեցուցիչ էր, եւ լրագրողները ասում էին. «Դժվար է պատկերացնել, որ այդ փոքրամարմին, շատ լուրջ մարդը կարողանում է զվարճացնել ամբողջ Ֆրանսիան»:
Դը Ֆյունեսը առանձնացել է նաեւ իր յուրահատուկ եւ հետաքրքիր մտքերով։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մի քանիսը։
- Լավ երաժշտության ներքո ավելի հեշտ է էլեգանտ տղամարդ ձեւանալը։
- Եթե բաճկոնիդ վրա մի փոքր փոշի կա, մարդիկ հենց դա էլ նկատում են։
- Լավ կատակերգու դառնալու համար չպետք է ջանալ ծիծաղեցնել, պետք է անկեղծ խաղալ, պետք է հրաժարվել կատակներից, դրանք երբեք չեն օգնում դերասանին։
- Սիրում եմ զբոսնել գերեզմանոցում, այնտեղ գոնե հանդիպում ես լռակյաց մարդկանց:
Լուի դը Ֆյունեսն իր ամբողջ կյանքի ընթացքում նկարահանվել է 100-ից ավելի ֆիլմերում։
Իր ջանասիրության եւ միգուցե ինչ-որ չափով տարօրինակ մտածելակերպի շնորհիվ էլ գերել է շատ կինոսերների սրտերը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԲՈՅԿՈՏԻՆ
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է թանկացումներին դեմ հանդես եկող մշակութային գործիչների հայտարարությունը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումների հետեւանքով սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել ՀՀ քաղաքացիների համար։ Կտրուկ աճել է գույքահարկը, կրկնակի բարձրացել է շրջանառության հարկի չափը, մինչեւ 300 դրամ թանկացնում են Երեւանի քաղաքային տրանսպորտը, մայրաքաղաքում ավելացել է աղբահանության վճարը, չնայած դատարանի կայացրած վճռին՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գները շարունակում են բարձր մնալ, մարդկանց ստիպում են եկամուտներ հայտարարագրել, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է եւ անընդունելի։ Եթե այս ամենին ավելացնենք նաեւ այն, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկ են եւ հասանելի չեն ՀՀ քաղաքացիներից շատերին, ապա պատկերն ամբողջական կդառնա։
Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում միասնաբար պայքարել այս հակասոցիալական որոշումների դեմ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքային տրանսպորտին։ Պետք է փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը՝ չգնելով թանկարժեք փաթեթները եւ չվճարելով ուղեվարձի վճարն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերանայվել թանկացման որոշումը։
- Մարտին Վարդազարյան- կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի
- Երվանդ Երզնկյան – կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ,Երեւանի պատվավոր քաղաքացի
- Սամվել Գալստյան – երգիչ, երգահան, կոնսերվատորիայի պրոֆեսոր
- Արթուր Սահակյան – բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Սիրվարդ Համբարյան – կրթության ոլորտի փորձագետ
- Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ
- Սամվել Թադեւոսյան – կինոռեժիսոր, ՀՀ Կինոգործիչների միության անդամ
- Արսեն Համբարյան – երգիչ, երգահան, գրող
- Աննա Մայիլյան – երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
- Ժիրայր Դադասյան – ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ