Մեր կարգախոսն է՝ «Օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին՝ առանց տաբուների»։
14 տարի առաջ Թագուհի Թովմասյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ հիմնադրեցին «Ժողովուրդ» օրաթերթը. այդ ժամանակ տենդենցը դեպի թվայնացումն էր և ինտերնետ մեդիան: Ավանդական մամուլն իր դիրքերը ակնհայտորեն զիջում էր, բայց մենք հակառակ հոսանքին նոր օրաթերթ հիմնադրեցինք՝ համոզմունքով, որ այն դառնալու է Հայաստանի ամենաթոփ լրատվամիջոցներից մեկը:
Եւ այսպես, 2011 թ-ի փետրվար 1-ին լույս տեսավ մեր օրաթերթի առաջին համարը 5000 տպաքանակով՝ սպասվածից մեծ պահանջարկ ձևավորելով: 3 օր անվճար բաժանում էինք թերթերը ընթերցողներին՝ մեր ճանաչելիության համար, բայց քանի որ պահանջարկը բավականին մեծ էր, անվճար գրառումով թերթը շատ կրպակներ վաճառում էին:
Նոր մեդիա դարաշրջանում թերթը մնում է անկախ և ազդեցիկ։
Մեծ դժվարությունների միջով ենք անցել. դատական տասնյակ հայցեր, ազատ խոսքը լռեցնելու փորձեր, մեզ սնանկացնելուն ուղղված գործողություններ, հոդված գրելու համար բերման ենթարկելու փորձեր, զանգվածային պայքար՝ հանուն մեր և ձե՛ր իրավունքների…
Գաղտնալսվեց անգամ գլխավոր խմբագիրը, անհայտ անձիք ներխուժեցին մեր խմբագրություն, և գործը մինչ օրս բացահայտված չէ։
Ազգային ժողովի նախագահից սկսած մինչև Երեւանի քաղաքապետ, իշխանահաճո գործարարներ դատական հայցեր են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ խոշոր տուգանքների պահանջներով… Սա էլ կհաղթահարենք: Պայքարից հոգնողը չենք:
14 տարի, որոնք չփոխեցին մեզ․․․
Անկողմնակալությունը, անաչառությունը, օբյեկտիվությունը և որեւէ քաղաքական ուժին չծառայելը մեզ համար գլխավոր արժեքներ են: Մեր ամենահուսալի գործընկերը մեր ընթերցողներն են, որոնք տարիների ընթացքում հասել են հարյուր հազարների՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով: Մեր օրաթերթը հուսալի և ազնիվ աղբյուր է ինֆորմացիա ստանալու համար, վստահելի գործընկեր՝ գովազդատուների համար:
Փոքրիկ վիճակագրություն․․․
14 տարիների ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է 3047 համար, որտեղ լույս են տեսել մոտ 27 հազար 423 հոդվածներ՝ այդ թվում եւ հետաքննական ժանրի, 6094 հարցազրույցներ՝ տարբեր գործիչների հետ եւ 70 հազար 81 լուր՝ ներառելով տարբեր բնագավառներ:
Facebook սոցիալական ցանցում մենք ունենք 500․000 հետևորդներ, Youtube-ում՝ 300․000 հետևորդներ, իսկ մեր կայքի՝ ArmLur.am-ի այցելությունների թիվը ամսական 1․5-2 մլն է։
14 տարիների ընթացքում մեր դեմ ներկայացվել են մոտ 25 դատական հայցեր, որից 23-ի դեպքում հաղթել ենք և շարունակում ենք բողոքարկել:
Այսպիսով, շարունակելու ենք անցյալի ոգով՝ դեպի ապագա, բայց մեր իմացած ու պատկերացրած ապագան:
Շնորհակալություն՝ մեզ հետևելու համար։