Արմեն Զաքարյան. Կոստան Զարյան` ազնվական, ով ոգեղեն կրակներով է լուսավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լույսը լույս է որոնում և ոգին` ոգի» – Կոստան Զարյան

Փետրվարի 2-ը Կոստան Զարյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 140 տարեկան:

Երբ 2019-ին Մատենադարանին փոխանցվեց Մտածողի ողջ ձեռագրային ժառանգությունը` ժառանգների ձեռամբ, այդ առիթով օրվա մամուլում հարցազրույց հրապարակվեց Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի հետ, ում գլխավորած կառույցում Կոստան Զարյանը ոչ միայն ընթերցվող, այլև քննարկվող հեղինակ է: Այդպես է բազմաթիվ պատճառներով, բայց նաև այն պատճառով, որ, ըստ դպրոցի տնօրենի, հայոց ինքնության մատրիցայում ներկա ոգեղենության ամենագիտակ թարգմաններից Կոստան Զարյանի ստեղծագործությունն իր խորքում միաժամանակ «դարերի ետև պահված կրակը քաղելու» և արդի ու գալիք աշխարհներում «հսկայության լույսը նվաճելու» պատգամախոսություն է` ուղղված սերունդներին … «ինչը մենք փորձում ենք և փորձելու ենք տեղ հասցնել» …

Այս հոբելյանը Կոստան Զարյանի ստեղծագործության, նրա աշխարհատեսության ու  հայոց ինքնաճանաչման բնույթների մասին  խոսելու ևս մեկ առիթ է, ուստի վերահրապարակում ենք հարցերի այդ շրջանակի վերաբեյալ արձանագրումներ բովանդակող  հարցազրույցը` առանց փոփոխությունների։

Պարոն Զաքարյան, օրեր առաջ Մատենադարանից տեղեկացանք, որ Կոստան Զարյանի ժառանգները նրա ձեռագրերն են նվիրել Մատենադարանին։ Ընդհանրապես Կոստան Զարյանի փիլիսոփայությունը Հայաստանում այդպես էլ հավուր պատշաճի չի գնահատվել, ո՞վ էր նա և ո՞րն է նրան չճանաչելու պատճառը:

-Ամենասկզբում, մինչ բովանդակությանն անցնելը, կամենում եմ մի անսովոր առաջարկ անել. թեպետ հարցազրույցները սովորաբար բնաբան չեն ունենում, բայց այս դեպքում բացառություն անենք, ասելիքի ամենավերևում դնելով Կոստան Զարյանի իմաստային խտացում բովանդակող արտահայտություններից մեկը, այն է` լույսը լույս է որոնում և ոգին` ոգի … իր մտածումներում լույսը և ոգին առավելապես ներդաշնակության ու կատարելության ուղիները հարթող զորություններ են, որոնց անդրադարձումները Զարյանը մշտապես փորձել է ոչ միայն դարձնել երևութական ու տեսանելի, այլև այդպիսով մեծացնել լուսավոր ոգեղենության կենսատարածքը:

Իսկ հիմա Ձեր թույլտվությամբ նախ դիմենք Պարույր Սևակին, որպեսզի օգնի փնտրել տրված հարցի պատասխանը …

որ, շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը ….

Իր ապրած ժամանակների մեջ իր ընտրության արդյունքն է իր կերպը։ Կլինե՞ր Զարյանն այլակերպ, եթե այլ ժամանակում ապրեր … չեմ կարծում … թվում է` ոչ։ Եվ այդ ոչը փաստարկվող է:

Ժամանակի փաստն այն է, որ հայաստանյան իր վերջին ժամանակի իրականության մեջ նրան սկսել էին հանդուրժել, սակայն պաշտոնական շրջանակների կամոք համեստ տեղ էր վերապահվել Զարյանին … այդ շրջանակի համար, ըստ էության, նա չկար … այդ շրջանակն էլ էր իր ժամանակի մեջ, որն իր կանոններն ուներ … նա չէր ընդունվում, առավել ևս չէր քարոզվում, նրան գիտեր ու կարելի է ասել անվերապահորեն աշակերտում էր ինտելեկտուալների մի շերտ, բայց նրանք այնքան էլ մեծ հնարավորություններ չունեին գոյացնել Զարյանի համընդհանուր ընկալվածության իրականություն, նույնիսկ, երբ այս կամ այն չափով հնարավորություն կար, որպեսզի նա Հայաստանում դառնա ճանաչված ու ներկայանալի։ Հայաստանում նա «էմիգրանտ» էր, ոչ-յուրային և անգամ ոչ Վարպետ, իր ժամանակակիցներ Իսահակյանի ու Սարյանի պես, այլ Մաեստրո: Նա օտար էր …

Սա ժամանակն էր, իր ժամանակի խորապատկերը պայմանավորող ժամանակը, այն պատկերը, որն ունի խորք և որի անդինից մեզ է ՄՈՏԵՆՈՒՄ խորունկ մտածողությամբ, խորհրդավորությունները դիտարկող ու ոչ-դյուրին բովանդակությունների շուրջ խորհրդածող մի անհատականություն … ասենք, թե ինչպիսին կլիներ մարդկային հոգեբանությունն այսօր, եթե Կեպլերը, Նյուտոնը կամ Գալիլեյը նյութի մասին մտածելու փոխարեն, փորձեին խորամուխ լինել հոգեբանության մեջ, պեղեին այն, մոտենային մարդու թաքնաթաքուր (սա իր բառն է) խորհուրդների աշխարհը ըմբռնելու, տեսանելու եզրին….. Զարյանը շարունակում է մոտենալ, այդ մոտենալու գործընթացն անընդհատական է, այն շարունակվում է մինչ օրս …

Ու որքան էլ անկասելի է այդ ընթացքը, թվում է, թե նա երբեք էլ մինչև վերջ չի մոտենալու, որովհետև գործ ունենք կերպի փաստի հետ։ Իսկ կերպի փաստն այն է, որ եթե առավելապես իր ժամանակն էր իր կերպը մերժում, ապա ինքը մերժում էր նաև այն ժամանակը, որ գալու էր իր ժամանակից հետո … «փող, փող … ահա մի լեզու, որ անհասկանալի է Դոն Կիխոտին և անհասկանալի է Սասունցի Դավթին»… անհաշտություն, որը ձևակերպվել էր դեռևս իր ժամանակում «պետք չէ զարմանալ, երբ հայ վաճառականները և արտասահմանյան հարուստները իրենց ծարավ աչքերը հառում են համակրանքով դեպի համայնավարությունը»… համայնավարներին, որոնք բուրժուական դրամատիրական մտքի ծայրահեղ ներկայացուցիչներն են …

Նա, որ հառնում է իր բացառիկությամբ, ինքն իրեն հայաստանյան միջավայրում գրեթե միշտ, եթե ոչ օտար, ապա միայնակ էր զգում. այդպես էր զգում էությամբ ազնվականը, խորաթափանց այրը, արմատների ոգեղենությունը պեղողն ու հայոց առաքելության իմաստը փնտրողը … այդ միայնությունն ըստ էության չի ավարտվում … հաջորդած տասնամյակներում էլ շատ բան չի փոխվել …. ուստի նրա խոսքն ու կերպը դեռ ու դեռևս ընկալելի կլինեն խիստ սահմանափակ տիրույթում, նա մեզանում երևի երբեք բոլորինը չի դառնա, կմնա «առանձնյակ», որը, սակայն, պիտի գիտենանք, որ իր մենության տարածքից դուրս, իր ժամանակի մտքի ու մշակույթի արքաների միջավայրում միանգամայն այլ համարում ուներ` խորհուրդներ էր տալիս նրանց` վերջինների խնդրանքով` Պիկասոյին, Ունամունոյին, Ռեսպիգիին, այլոց …

Իտալիայում նրան օտարները տասնամյակներ առաջ արդեն հրատարակել էին «Աշխարհի ընտիր գրողները» մատենաշարով։ Ֆլորենցիայում միջնադարյան դղյակ էին նվիրել: Գնահատում էին նրան, նրա միտքը, խոսքը …

Ու թող թույլ տրվի ասել, որ նա որպես գրականության մարդ, որպես մտածող ձևավորվել է ոչ այնքան հայկական միջավայրներում, ժամանակի փոթորկվող աշխարհի որոշումների հետևանքներն ուղղակիորեն կամ կողմնակիորեն այս կամ այն չափով կրող մեր երկրում, որքան այնտեղ, այն բոհեմներում, որոնցում ներկա էին նաև դեմ կամ կողմ կարծիքով որոշումների կայացմանը մասնակցողները։ Այդ պատճառով է, որ նրա աշխարհատեսությունն ավելի լայնահուն է, իսկ աշխարհաճանաչողությունը՝ մի այլ մակարդակում: Այդ բարձունքում է առարկայանում ինքնագնահատականը. Զարյանը գնահատում է այն, ինչ որ ուներ իր ժողովուրդը, ինքը` որպես հայկական ինքնություն։ Ինքնաճանաչումը, որն իրագործվում է հայոց արմատների ոգեղեն բովանդակությանը հաղորդվելով, ձևակերպում է այն մտայնությունն ու ջանքը, որ պետք է, պետք է բացել էության խորքերը, ցուցանել դրանք, դարձնել հանուրինը և որպես քաղաքակրթական ինքնուրույնություն, երկխոսել ամենքի հետ … գնահատել այլոցը, ներկայացնել սեփականը ….

Այս վերջին արձանագրումը կատարելուց հետո, Զարյանի կերպի պատկերն ամբողջացնելու համար ուզենանք, թե ոչ, պետք է ավելացնենք վերապահական իմաստներ ունեցող բազմաթիվ բառեր. բայց, սակայն, այնուամենայնիվ, այդուհանդերձ, դրանով և ոչ միայն դրանով հանդերձ, իր ժամանակի մտքի արքաներին խորհուրդներ տվող, իմաստներ բանաձևող այս անհատականությունը սփյուռքում էլ էր օտար, օտար մերայինների մեջ … ցավոք, այս համադրություններով, ՄԵՆԱԿԻ էությամբ է ամբողջանում իր կերպի ընդհանրական համատեքստը:

Ուստի ընկալված ու ապրված են օտար լինելու և մենակության վերաբերյալ իր խորհդածությունները, ասված սեփական հերոսների բերանով, թե «շատ անգամ ինձ օտար եմ զգում։ Օտար` արտաքին, դրսի կյանքին։ Այն չէ, որ սպասում էի, այն չէ։ Պատճառն այն է, որ երբ մարդն իր միջավայրից հեռու է ապրում, ամեն ինչ ուրիշ կերպ է տեսնում…»: Սակայն մի բան է օտար լինելու զգացողությունը, մեկ այլ բան` մենակության ընկալումը: Օտար է դրսի, արտաքին կյանքի հարահոսը, իսկ մենակությունը, որն արժեքների, դրանց որոնման ու իմաստավորման շուրջ ինքազրույցով է դրսևորվում, ավելի լուսավոր է «այն, ինչ դու անվանում ես մենակություն՝ ինքը կյանքն է: Մենք մենակ չենք, մենք մենակություն ենք: Իսկ մենակությունն ամբողջություն է … վայ այն մարդուն, որ վախենում է դժվարություններից: Միայն դժվարության բովից անցնելով կարելի է հասնել ներքին հարստության, ներքին անկախության: Սերը վերջին և կատարյալ մենակությունն է….այն էության էությունն է և գոյանալու համար պետք ունի երկու մենակությունների»… սերը, մենակությունը, էության էությունը…… այդ է պատճառը, որ իր մասին ասում է, որքան էլ մենակ, սակայն երբեք չեմ ձանձրացել…..

Ու գիտեք, Մատենադարանին հանձնված նրա ժառանգությունը, չգիտեմ ինչու  թվում է՝ գալիս է ընդգծելու նրա այլևս հավերժ մենության հանգամանքը։ Մի կողմից, անշուշտ, ձեռագրերի փոխանցումը Մատենադարանին ուրախացնում է, որ Զարյանի ժառանգության անտիպ հատվածն էլ այլևս կարող է հասանելի դառնալ։ Սակայն մյուս կողմից, մտավախություն ունեմ, որ այսպիսով, կարծես թե, որքան տեղյակ եմ Իտալիայում բնակվող ժառանգները ակամա, չուզենալով, ենթագիտակցաբար նախապատրաստվում են գուցե թե դեռևս հեռավոր այն իրավիճակին, որ կարող է ընդհատվել Հայաստանի հետ իրենց կապը, ուստի որոշել են այդ հարստությունը տալ նրանց, ովքեր, համոզված են, եղածն ըստ նշանակության կպահեն։ Տա Աստված, որ մտավախությանս մեջ սխալված լինեմ, բայց քանի որ տեղյակ եմ,ասենք, Կոմիտասի ազգականների պատմությանը, ուստի չեմ կարող աչքաթող անել ժառանգավորաց փորձը մեծաց:

Մենք հաճախ ենք դժգոհում, որ ինչոր մի դարաշրջանից սկսած Հայաստանի և մեր ազգի փիլիսոփայությունն ընդհատվել ու բացառությամբ որոշակի փորձերի՝ չի վերականգնվել, ինչն էլ այսօր մեզ պակասում է և չգիտենք ուր ենք գնում և ինչ ծրագրով։ Համաձա՞յն եք այդ մտքին և այս առումով ինչ դեր ուներ Զարյանը:

– Ձեր հարցադրումը բազմաշերտ է, և քիչ թե շատ ամբողջական պատասխանը շատ ծավալուն անդրադարձ է ենթադրում, բայց եթե անդրադառնանք սոսկ այն հատվածով, որը Զարյանի դերին է վերաբերում, ապա ափսոսանքով պիտի արձանագրենք, որ Զարյանը դեռ դեր չի ունեցել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել վերջին տասնամյակներին, ընդամենը ծանուցում է, ծանուցում, որ նա` Մեծը, եղել է։ Գնահատանքի են արժանի նրանք, ովքեր արել են դա և ձգտել են անել ավելին, սակայն հասարակությունը Զարյանին դեռևս ընկալել ու տիրացել է այնքանով, որքանով … ընդամենը մի քանի տասնյակ մարդ է, որ այս կամ այն չափով թափանցել է այն խորությունների մեջ, որ ձևակերպել է Մեծը: Իսկ այդ խորություններից արձագանքում է մի գրեթե կշտամբական արձանագրում, որ մենք ընդամենը պատմության մակերևույթն ենք տեսնում, մակերեսի վրա եղածը, և աշխարհի մասին էլ սոսկ պատմական կամ մշակութային անցքերով ենք դատում: Մինչդեռ անհանգիստ ոգիների հետ հմայիչ ու վտանգավոր հաղորդակցության մեջ մտնելն է, որ զորություններին, մարդկային գիտակցության առջև լիովին չմերկացած ներկայություններին այս կամ այն չափով մոտենալու, զտահոս կենսունակությունը ճանաչելու հնարավորություն է բացում. ընկալել դրանք, դրանց հետ չափվել է նշանակում … իր չափումներն այդ տիրույթում են … ցավոք, չկա, չգիտեմ մարդկանց այն թեկուզև փոքրիկ շրջանակը, մեզանում, այսօր, ում մտածումն այսօրինակ հարցերի վրա է կենտրոնացած բովանդակային փնտրտուքի առումով….

Կկարողանա՞ մարդը դա անել, այդ չափման մեջ տեղավորվել, հարցնում է Զարյանը ու ձևակերպում իր կենսափիլիսոփայության ամենածանրակշիռ բանաձևումներից մեկը հայության համար «մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը»: Այսինքն` պիտի լինել բարձրում, որպես քաղաքակրթական ինքնուրույնություն` նվաճել լույսը հսկայության։ Նրա այս` Արարատյան մարդու մտածողության արմատավորումը պատգամ է, որ եթե չընկալվի, ապա «վա՛յ մեզ, եթե վար իջնենք. կընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կդառնանք կամ խանութպան»: Իսկ որպեսզի դա չլինի, պիտի «քաջությունը ունենանք խորհելու և նաև քաջությունը ունենանք համարձակելու:

Մեծ մշակույթներն առաջ են եկել միշտ էլ հակառակ առարկայական, հակառակ տնտեսական և քաղաքական պայմաններին: Մշակույթը, եթե ուզում եք, հոգեկան արկածախնդրություն է. վսեմ մի խենդություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն՝ առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է»:

Այլապես, «եթե մենք՝ հայերս, կուրորեն ենթարկվենք ներկա քաղաքական պայմաններին, մեզ վիճակված է ռուսական ապագա հսկա տնտեսական կազմակերպության մեջ չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակ»:

Մինչդեռ «ապրել, նշանակում է ճակատագրականապես ստիպված լինել բանակցել մեր ազատությունը»:

Զարյանը համոզված է, որ մշակույթը խորություն է և ոչ տարածություն, ուստի այդ խորություններում է, արմատններում է որոնում այն լույսը, որով «Արարատի աստվածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու իր թաքնված ստեղծագործական թափը, մոտեցնելով ժամանակը, երբ վերջապես հայ ժողովուրդը պիտի գտնե ինքն իրեն: Լինի ա՛յն, ինչ որ է: Կատարի իր դերը, ասի իր խոսքը»:

Այդ ճանապարհը լուսավորող, զորություններին ծնունդ տվող ոգեղեն լույսը, Զարյանի համոզմամբ, որը հսկա սերմի նման պայթելու է, ոչ թե առկա է, այլ ներկա է, գործուն ներկայություն է Հայաստանում. «կան երկրներ, որ պատկանում են Սրբազան աշխարհագրության, ուր ամեն մի բնական երևույթ պատճառաբանված է հոգեկանով և որտեղ կան կարելիություններ»: Իսկ որպեսզի առարկայանան այդ կարելիությունները, նա պեղում է արմատները, ձևակերպում «տիրող քաոսի խավարում մեր ուզած լույսը վառելու կամքը», որն այսպես կոչվող «առարկայական պայմաններ» է խորտակում և փոխում «դեպքերի դասավորության» ընթացքը … Զարյանը քայլում է Հայկ Դյուցազնի հետ, քայլում է նրա հետագծով, տիեզերքը դիտարկում որպես Հայկի և նրա ժառանգների կեցության մի առանձին աշխարհ։ Աստղաշխարհ է այդ անպարագիծ հաղորդակցության տիրույթի` տիեզերք-աշխարհի անունը, ուր խորհուրդներ են առնվում ոչ միայն լույսից, այլև մութից, ներսից լուսավորվող մութից` աստղամութից` որպես լուսեղեն ճանապարհի փարոսներ ու աստեղային ընթացքի պատգամներ: Անընդհատական է հաղորդակցությունը մյուս աստղերի հետ և Աստղաշխարհին է վերապահված հուշել, թե որտեղ պիտի հաստատվի Հայկը, Հայկի շենը, որպեսզի սրբազնագործվի հետագայում Հայաստան կոչվելիք երկիրը։ Ոգու պատգամախոս է Զարյանը և Հայկ Դյուցազնի հետ քայլելով ոգեղեն ցոլացման արձանագրումներ կատարելը զարյանական էության դրսևորման օրինակներից մեկն է ընդամենը:

Հնարավոր չէ մեկ հարցազրույցի մեջ անդրադառնալ Զարյանի բազմաշերտ մտքի արձանագրումների անգամ մի փոքր մասին … և դա ցավոք…… ցավոք նաև այն պատճառով, որ քիչ ընկալված Զարյանը դեռ երկար ժամանակ կառանձնանա որպես այն բացառիկ ազնվականը, որի հեռահայաց մտածողության ձևակերպած իմաստները պահանջարկված կլինեն ոչ այն չափով, որպեսզի կարողանանք ասել` …. նպատակ ունենք չափվել մեր այսօրվա կերպից ավելի զորեղ լինելու մեր կամքի հետ … մինչդեռ, դա հնարավոր է …

Առհասարակ ով կամ որ մարմինը պետք է լինի նոր սերնդին իր արժեքներին ինտենսիվ ու հետևողական ծանոթացնողը։ Ինպես եք պատկերացնում արժեհամակարգ սերմանող այս գործընթացը և մեկնարկը ինչպես պետք է տալ:

– Որ հայությունն իրոք ունի ամբողջական ինքնաճանաչման ու աշխարհաճանաչման խնդիր, դրանում կասկած չկա, սակայն դա պահանջում է հստակ, նորովի, արդիական ռազմավարական բնույթի մոտեցումներ։ Ֆրագմենտալ գիտելիքի, սահմանափակ տեղեկույթի, շատ հաճախ նաև չնչին ու ճղճիմ նպատակների հիմքի վրա կառուցված գործունեությունն անհեռանկար, իսկ երբեմն ողբերգական արդյունքների է բերել։ Ընդունվել են անհեռատես, կիսատ-պռատ որոշումներ ու չի դրսևորվել լավագույն վճիռներ առնելու նպատակով կոմունիկատիվ բանականության մեխանիզմներ գործի դնելու որևէ ջանք:

Իսկ որպեսզի Ձեր հարցադրման, բազմաթիվ այլ էական հարցերի և առհասարակ, Հայաստանի հաստատուն ապագայի վերաբերյալ ռեալ պատկերացումներ ձևավորվեն, ապա Հայաստանի պետությունը և սփյուռքի այն հատվածը, որը ոչ թե և ոչ միայն «ինքզինքը կսիրե և Արարատին հետ նկարվիլ», այլ արդի իրողությունների ու գալիք անորոշությունների ծավալի ու խորության գիտակցությամբ է նայում դրսևորվելիք մարտահրավերներին ու հնարավորություններին, պետք միասնական քննարկումների արդյունքում հասնեն այն եզրագիծին, որտեղ հստակություններ կառարկայանան ֆորմատների ու մեխանիզմների վերաբերյալ, թե ինչպես ինվենտարիզացիայի ենթարկել ու շարժման մեջ դնել հայության ստրատեգիական խելքը թե երկարաժամկետ պլանավորումների, և թե արագ արձագանքումների առումով ( հարկ եղած դեպքերում ներգրավելով հայկական ինքնություն չունեցող բանիմաց միջազգային մասնագետների ևս ): Եթե դա չանենք, ու դրանից հետո էլ չփորձենք մեր զարգացման հիմքում դնել Հայաստանի արժանապատիվ քաղաքացու և արդիական Հայաստանի տեսլականով պայմանավորված գործունեության ծրագիր, ապա թռիչքների հնարավորություններ բացող արհեստական բանականության հայոց դարն  ըստ էության  գուցե թե շատ չտարբերվի, ասենք հայոց ուշ միջնադարից։ Հայաստանի պետությունը պետք է չուշանա, պետք է գործի, այլապես անիմաստ կկորչի ոսկե բովանդակություն ձեռք բերելու պոտենցիալ ունեցող ժամանակը … դա պետք է արվի, որպեսզի, ինչպես Զարյանն է ասում … լինելու, կերտելու ու ստեղծագործելու կամքով կարողանանք հասնել ինքներս մեզ …

 




Լրահոս