ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարել է․
«Այսօր` 2025 թվականի փետրվարի 3-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ:
Փաստաբանները հերթական անգամ քննարկել են 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:
Ակումբի նիստին ներկայացվել են վերջին շրջանում իրականացված գործողությունները, մասնավորապես՝
փաստաբանական ծառայությունները, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագրի ներկայացումը կառավարություն,
թվով 31 պատգամավորների կողմից գործող հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների սահմանադրականության վիճարկումը Սահմանադրական դատարանում։
Հիշեցնում ենք, որ Օրենքի կիրառությունը՝
– Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա.
– բացառում է անվճար (pro bono) իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.
– շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.
– չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.
– հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար, քանի որ, ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների, քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունների արժեքը քսան 20 տոկոսով բարձր է.
– լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.
– սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարեցնելով դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով,
– խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ.
Ակումբի նիստի մասնակիցները հերթական անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը իրավասու պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ.
Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝
2025 թվականի փետրվարի 10-ին (երկուշաբթի) բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:
Նշված օրը ՝
Հ.Գ.1 Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս, ինչպես նաև փաստաբանների ակումբի քննարկում հաջորդ գործողությունների մասին:
Հ.Գ.2 Տեղեկացնում ենք, որ՝
1. Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար:
2. Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ»: