ՆԳՆ-ն դեմ է եղել, քաղաքապետարանը հրաժարվել է գաղափարից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Մեկ տարի առաջ՝ այս օրերին, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց մունիցիպալ, այսինքն` մայրաքաղաքային ոստիկանություն ստեղծելու մասին։ Բայց մինչ օրս ոչ մի նման բան չի ստեղծվել, անգամ նախապատրաստական աշխատանքներ չեն տարվել։ Իշխանությունը հերթական «բարեփոխումն» է ձախողել։
Պարզվում է՝ մեկ տարվա ընթացքում քաղաքային իշխանությունները հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների դեսպանների հետ, նախարարություններ են ուղարկել մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու նախագիծը, որը, սակայն, խելքին մոտ չի համարվել, եւ նախագիծը մնացել է թղթի վրա։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ մունիցիպալ ոստիկանություն ունենալու գաղափարին դեմ է եղել հատկապես ներքին գործերի նախարարությունը, այն հիմնավորմամբ, որ ոստիկանությունը մեկն է, եւ այն պետք է կառավարվի մեկ կենտրոնից։ Մեղմ ասած՝ ՆԳՆ-ն հավանության չի արժանացրել քաղաքային իշխանությունների այդ «փայլուն» գաղափարը, եւ գործը գլուխ չի եկել։ Տիգրան Ավինյանի խոստման հոբելյանական մեկ տարին լրացավ, բայց, ինչպես տեսնում եք, Երեւանը չունի մունիցիպալ ոստիկանություն, թերեւս` չի էլ ունենա։

Ավելին՝ Երեւանի քաղաքապետարանի շենքը հանվել է պետական պահպանության ենթակա կարեւորագույն օբյեկտների ցանկից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները քաղաքապետարանում այլեւս ծառայություն չեն իրականացնելու։ Տիգրան Ավինյանը ստիպված է լինելու քաղաքապետարանի անվտանգության համար կա՛մ առանձին պայմանագիր կնքել մասնավոր պահնորդական ընկերության հետ, կա՛մ իր աշխատակազմից «պահակներ» կարգել։

Մունիցիպալ ոստիկանության սառեցված գաղափարի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանի հետ զրույցից հասկացանք, որ «ոստիկանություն» բառն առհասարակ դուրս է եկել ծառայության անվանումից, այսինքն՝ այն կոչվելու է ոչ թե մունիցիպալ ոստիկանություն, այլ՝ հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայություն։ Սա արդեն այլ բան է, այստեղ այլեւս չի շոշափվում «ոստիկանություն» բառը: Բայց այս ստորաբաժանումն էլ չի ստեղծվել։
«ՏԻՄ մեր օրենքը եւ հարակից 30 օրենք փոփոխության ենք ենթարկում, որի մեջ ի թիվս ներառված է այդ ծառայության հարցը։ Անվանումը ոստիկանություն չի լինելու, մենք այն անվանել ենք հասարակական կարգի պահպանման մունիցիպալ ծառայություն։ 2024-ի մարտից նախագիծն արդեն շրջանառության մեջ է, ուղարկվել է նախարարություններ՝ կարծիքների»,- ասաց Մարգարյանը։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստորաբաժանումը ստեղծվելու, քննությո՞ւն է լինելու՝ ծառայողներին ընդունելու համար, ովքե՞ր կարող են մասնակցել, ի՞նչ հանդերձանք են կրելու այդ աշխատակիցները։ «Երեւանի քաղաքապետարանի հասարակական պահպանության ծառայություն ունենք, դրա հիման վրա է լինելու»,- նշեց նա։

Այսինքն՝ ընդամենը տվյալ ծառայության անվանումն է փոխվելու, եթե հիմա կոչվում է հասարակական կարգի պահպանության բաժին, հետո կոչվելու է հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայություն։

Հիշեցնենք․ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ, ի շարունակություն պարեկային ոստիկանության ռեֆորմների, Երեւանի քաղաքապետարանն ունենալու է մունիցիպալ ոստիկանություն։

«Մենք ունենք հայեցակարգ՝ մունիցիպալ ոստիկանության ստեղծման՝ ի շարունակություն պարեկային ոստիկանության ռեֆորմների։ Արդեն միջազգային գործընկերների հետ էլ այս թեմայով քննարկումներ ունենք։ Պրն Գրիգորյան, խնդրում եմ, որ Դուք ստանձնեք այս ընթացքում այդ ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը։ Երկու ամսվա ընթացքում արդյունքների մասին արդեն կսկսեք զեկուցել։ Պիտի սկսել քաղաքապետարանի ներսից, հետագայում արդեն Ձեզ կօգնեն թե՛ պրն Արեյանը, թե՛ մեր մյուս գործընկերները։ Նախարարության գործընկերների հետ նույնպես պիտի աշխատել, որովհետեւ օրենսդրական փոփոխության կարիք է լինելու։ Այն, ինչ ասացի, եկեք արձանագրենք ու արդեն մոտ երկու ամսից մենք նորից կանդրադառնանք հարցին»,- գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ՝ մեկ տարի առաջ հայտարարել էր Տիգրան Ավինյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս