ԱՄՆ պետքարտուղարը USAID-ին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) մեղադրել է անհնազանդության և ԱՄՆ ազգային շահերի հետ հաշվի չնստելու մեջ։ Ըստ պաշտոնյանի՝ կազմակերպությունը վերահսկողության տակ վերցնելը միակ ելքն էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբիոն այս մեկնաբանություններն արել է Սալվադորում Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում

Մարկո Ռուբիոն հաստատել է, որ արդեն ստանձնել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) տնօրենի պաշտոնակատարի գործառույթները և նշել, որ գործակալությունից իր հիասթափությունը գալիս է դեռևս Կոնգրեսում աշխատելու տարիներից. նա գործակալությունը նկարագրել է որպես «բոլորովին չարձագանքող»: Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է արձագանքի Պետքարտուղարության քաղաքականության հրահանգներին, սակայն «հրաժարվում էր դա անել»։

«Կան USAID-ի բազմաթիվ գործառույթներ, որոնք կշարունակվեն,  և որոնք լինելու են ամերիկյան արտաքին քաղաքականության մի մասը, բայց այն պետք է համապատասխանեցվի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա շարունակել է քննադատել գործակալության աշխատանքը՝ նշելով, որ նրանք ծախսում են ամերիկացի հարկատուների գումարները, հետևաբար, յուրաքանչյուր ծրագիր, որ նրանք ֆինանսավորում են, պետք է համապատասխանի ԱՄՆ ազգային շահերին։

«ԱՄՆ ՄԶԳ-ն դա բազմիցս անտեսել է և որոշել է, որ իրենք համաշխարհային բարեգործական կազմակերպություն են և գործում են ազգային շահերից անկախ», – հավելել է Ռուբիոն։

Ռուբիոն հրաժարվել է պատասխանել, թե արդյոք գործակալությունը «պետք է մեռնի», ինչպես առաջարկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը՝ փոխարենը շեշտելով, որ նպատակը միշտ եղել է այն բարեփոխել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին։ ԱՄՆ ՄԶԳ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատողները փետրվարի 3-ից ուղարկվել են արձակուրդի, քանի որ հրաժարվել են գաղտնի փաստաթղթեր տրամադրել DOGE-ի աշխատակիցներին։

 




Լրահոս