Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ կոշտ քննադատություններից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ խորհրդակցությունից հետո Ֆինլանդիայի Խորհրդարանի նախագահը թանկարժեք հուշանվեր է նվիրել։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ: Ալեն Սիմոնյանը, բալթյան երկրների ներկայացուցիչների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել»:
Այս արտահայտություններից հետո,Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն, Ալեն Սիմոնյանը Հայաստան է եկել հուշանվերով․ այն է «Ապակե թռչուն» կապույտ գույնի հուշանվեր, որի արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.
- պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
- ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
- կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
- օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։
40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան