Գյումրիի ավագանու մարտին կայանալիք արտահերթ ընտրությունները թեժ են լինելու, թեկնածուների պակաս էլ, կարծես, չկա։
Իշխող ուժի թեկնածուն քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանն է, որը վերջերս է անդամագրվել ՔՊ-ին։ Գյումրու ընտրություններին մասնակցում են նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության նախագահ Կարեն Մալխասյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը և այլք։
Ընտրություններին ներկայացված հայտ է ներկայացրել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ ArmLur. am-ը հարցեր է ուղղել Գյումրու նախկին քաղաքապետին։
-Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին, ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը։
-Շատ լավ եմ վերաբերվում բոլորին, մեր հայ տղերքն են, հաջողություն եմ մաղթում, լավ ապագա բոլորին
-ՔՊ-ն, փաստորեն, աղմկահարույց դեպքերից հետո փոխեց իր թեկնածուին՝ Կարեն Սարուխանյանին, ում, ինչպես ասում էիք, չեք ճանաչում։ Հիմա իշխող ուժի թեկնածում Սարիկ Մինասյանն է, որը համայնքապետի պարտականություններն է կատարում։ Ի՞նչ է փոխելու սա ընտրությունների վերջնական ելքում։
-Հա, էսօր էլ Սարուխանյան չեմ ճանաչում, իսկ Սարիկ Մինասյանը վատ տղա չի, ճանաչում եմ։
-ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով նախկինում մասնակցել է Գյումրու համայնքապետի ընտրություններին, այս անգամ ևս մասնակցելու է
-Աստված իրա հետ, թող մասնակցի
-Պարո՛ն Ղուկասյան, իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։
-Կապրենք, կտեսնենք, 30 տարի ինձ քարկոծում էիք, հիմա տեսնենք՝ ինչ կլինի, ճիշտ էի՞ք ինձ հետ կապված, թե չէ, համբերեք՝ տեսնենք։
-Մենք չենք քարկոծել, քաղաքացիների դժգոհություններն ենք ներկայացրել։
-Քաղաքացիների անունից ինչ ուզում, խոսքում եք, կապրենք, կտեսնենք՝ ժողովուրդը ի՞նչ է մտածում։ Հո ես Նոստրադամուսը չե՞մ, ասեմ՝ ինչ կլինի, մի քիչ համբերեք։
-Պարո՛ն Ղուկասյան, Դուք նախորդ անգամ մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեցիք, որ հնարավոր է ընտրություններից առաջ Ձեր նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեն, հիմա էլ կա՞ն վախեր։
-Ինչ անենք, աշխարհ է ամեն ինչ էլ կլինի։ Ես ոչնչից չեմ անհանգստանում, գիտեմ, որ մեռնել եմ աշխարհում, հանդերձյալ կյանք կա։
Քրիստինա Մուշեղյան