Վարչապետի հրաժարականը ոչ միայն տեղին էր, այլև ուշացած. ՀԿԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասպարեզում չկա մի անձ, ով լիարժեք կերպով կհամապատասխանի վարչապետի պաշտոնին»,- armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ երկրի ղեկավարը հնարավոր թեկնածուներից լավագույն տարբերակը կընտրի, մարդու, ով կկարողանա Հայաստանը դուրս բերել սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակից:

«Վարչապետի հրաժարականը ոչ միայն տեղին էր, այլև՝ ուշացած: Երկրում առկա տնտեսական ծանր իրավիճակը, արտագաղթի աճող տեմպերը, արտասահմանյան ներդրումների կիսով չափ կրճատումները և վերջապես ահագնացող աղքատությունը ենթադրել էին տալիս, որ վարչապետին պետք էր վաղուց փոխել: Էլ չեմ ասում պետական պարտքի ավելացման մասին»,- նշեց Տաճատ Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք կողմ են ոչ թե անհատական, այլ համակարգային փոփոխությունների:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին:

Անի Ղազարյան




Լրահոս