![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/vyShT1USnrMkffCFqx3FsGcS41DBMeG088t4fAYD.jpg)
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ «Ոստիկանության մասին և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախաձեռնությանը, որը նախատեսում է ոստիկանությանը հասանելիություն տրամադրել տեսանկարահանող սարքերին և վերաբերում է միայն պետական մարմինների և ՏԻՄ մարմինների միջոցով տրամադրվող տեսախցիկների հասանելիությանը՝ բացառելով մասնավոր հատվածը։
Օրենքի նախաձեռնությունը, որի հեղինակն է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ընդունվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փետրվարի 5-ի նիստում։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը ստացել է օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկներ, և հանձնաժողովն ակնկալում է ստանալ այդ հարցերի պատասխանները՝ վերջնարդյունքում կոնսենսուսային լուծումներ գտնելու նպատակով։
«Ցանկանում եմ ընդգծել տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները, մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող, ինչպես նաև մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարված կամ կատարվող հանցագործություններին և իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու համար»,-նշեց նախագծի հիմնական զեկուցող, պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կրիմինոլոգիական մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում տեսանկարահանող սարքերի առկայությունը հանցավորության միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի։
«Ներկայում, օրինակ, Երևանում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղիները վերահսկող տեսախցիկներից։ Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվության ու ներկայության, ինչը բարդացնում է ընթացքը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և ոչ իրավասու անձանց մասնակցության»,-ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ամենն անհնար է դարձնում դեպքերի՝ տաք հետքերով բացահայտումը։
ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝ առաջարկվող նախագծի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայել հսկայական ժամանակ՝ ապահովելով այդ գործընթացների օպերատիվությունը, ինչպես նաև խուսափել այդ գործընթացների կապակցությամբ տարաբնույթ օպերատիվ և հետախուզական մեծածավալ միջոցառումներ ու գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունից։
«Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, ՏԻՄ մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, ավտոկայանատեղիներից, օդանավակայանից և պետական սահմանի անցման կետերից պահանջել և ստանալ տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում շինությունների դրսի կողմից տեղադրված նկարահանող համակարգերին»,-նշեց Հայկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ հասանելիությունը պետք է ներառի տեսահսկման համակարգից օգտվելու հասանելիություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութերի դիտման հնարավորություն, տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն։
Նախագծի փաթեթի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնել տվյալների մշակումը հետևյալ նպատակներով՝ իրավախախտումների կանխում, նախականխում, հայտնաբերում և բացահայտում, հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքում, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում, հասարակական կարգի և անվտանգության պահպանություն և այլն։
«Ոստիկանությունը կունենա հասանելիություն վերոգրյալ տեսանկարահանող համակարգերին՝ տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման ՊՈԱԿ-ի միջոցով՝ 24/7 ժամային ռեժիմով»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ նախագիծը մշակվել է իր և ՆԳՆ-ի համագործակցությամբ։
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է հասանելիություն ապահովել միայն պետական մարմինների և ՏԻՄ մարմինների տեսանկարահանող համակարգերին, և նախագիծը մասնավոր հատվածին չի վերաբերում։
Օրենքի նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին նկատեց, որ օրինագիծը նպատակ ունի գոյություն ունեցող տեխնիկական հնարավորություններն օգտագործել ի շահ հասարակական անվտանգության։
Քննարկվող նախագծի շրջանակներում Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշեց, որ Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունները հիմնականում նպատակաուղղված են գործառնական մակարդակում տվյալների անվտանգության ապահովմանը և դրանց նպատակային օգտագործմանը։
«Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք առաջարկում ենք այստեղ գաղտնիության պահպանման պարտականություններ ևս սահմանել ծառայողների վրա և այս մասով որոշակի դրույթներ ներառել, հստակորեն սահմանել պահպանման ժամկետներն այն մարմինների մոտ, ում մոտ գեներացվում են տվյալները»,-ասաց Ղազարյանը։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ օրինագիծ էր դրել շրջանառության մեջ, որով 50 քմ-ից մեծ սննդի կետերի, դեղատների, խանութների, ռեստորանների, հյուրանոցների ու բիզնեսի այլ տեսակների կառույցների մուտքին ու շինության մյուս կողմերին գործարարները պարտավոր էին տեղադրել տեսախցիկներ, իսկ նկարահանածն էլ 24/7 ռեժիմով տալ ՀՀ ոստիկանությանը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն ՆԳՆ-ն, հաշվի առնելով հանրային լայն դժգոհությունն ու քննադատությունները, նախագիծը սառեցնելու որոշում կայացրեց։