Վերջին 2 տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հանդես է եկել հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:””Կրկին այցելելով եղբայրական Վրաստան՝ ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սահակաշվիլիին այս ջերմ ընդունելության համար: Մեր փոխայցելությունների հաճախականությունը եւս մեկ վկայությունն է մեր պետությունների միջեւ փոխգործակցության բարձր մակարդակի, ինչպես նաեւ լավ հնարավորություն է արտահայտելու մեր ժողովուրդների  միասնությունից բխող փոխադարձ  հարգանքը, ես կասեի՝ եղբայրությունը: Վստահությամբ կարելի է արձանագրել, որ այս տարին մեր երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է: Եվ ես այստեղ, իհարկե, համաձայն եմ պարոն Սահակաշվիլիի հետ, որ վերջին երկու տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրել. կայացել են շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի այցելություններ՝ ներառելով մեր համագործակցության  բոլոր ոլորտները՝ կրթություն եւ սոցիալական հարցեր, էներգետիկա եւ տրանսպորտ, միջխորհրդարանական կապեր, պաշտպանություն, ոստիկանություն սահմանային անվտանգություն, եւ այս շարքը կարելի է երկար թվարկել: Օրեր առաջ Բաթումիում գումարվեց միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը՝ երկու վարչապետների գլխավորությամբ: Տարվա ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, իսկ այսօր այցի շրջանակներում՝  եւս չորսը: Եվ զուտ այդ իրավապայմանագրային դաշտի առումով մենք հասել ենք շատ բարձր մակարդակի: Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության միջեւ սահմանային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այն թելադրված է երկու սահմանապահ ծառայությունների միջեւ սերտ փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությամբ եւ կնպաստի մերձսահմանային գյուղերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում, ինչպես ասում են՝ «իրար մեջ ենք ապրում», եւ խնդիրներ չառաջանալու նպատակով է հենց այսպիսի փաստաթուղթ ստորագրվում: Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առեւտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջեւ, ես նկատի ունեմ առեւտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար: Շատ փոքր ցուցանիշ է, եւ վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում, իրոք, կարող ենք ճեղքում ապահովել:  Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական եւ գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման կարեւոր ուղղություններ: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս նաեւ Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, անշուշտ, նաեւ մշակույթը: Գալիք ամիսներին մենք մեկնարկում ենք Հյուսիս­հարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում Նինոծմինդա­Բաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ եւ հարմարավետ տեղափոխումը: Բնականաբար, Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի, եւ կարծում եմ՝ հենց հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը կտեսնի այդպիսի ենթակառուցվածքների առավելությունը: Քայլեր ենք ձեռնարկում նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ: Սա էլ չափազանց կարեւոր հանգամանք է: Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները կառուցում են բարիդրացիության եւ երկարատեւ ու շահավետ համագործակցության ոգով: Մեր համագործակցության կարեւոր բաղադրիչն է մեր պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայունության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու շուրջ ծավալված անկեղծ երկխոսությունն ու կոնկրետ, պրակտիկ աշխատանքը: Քննարկեցինք նաեւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը եւ հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ես քիչ առաջ բանակցությունների ժամանակ ասացի, որ ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որպեսզի գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետեւ դա անհրաժեշտ է ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլ անհրաժեշտ է նաեւ երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Շնորհակալ եմ Վրաստանի ղեկավարությանը՝ մշտապես բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Ես նաեւ պարոն Նախագահին ասացի, որ մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ նախագահին, թե՛ Վրաստանի կառավարությանը:  Շնորհակալ եմ այսպիսի մթնոլորտի, մեր հարաբերությունների համար եւ ուրախ եմ, որ այս մեկ-երկու օրվա ընթացքում ըմբոշխնելու եմ իմ վրացի բարեկամների հարգանքն ու վերաբերմունքը””:




Լրահոս