Հայաստանում առկա բոլոր բացասական երևույթները հետևանք են ազգային-բարոյական արժեքների մսխման: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» նախագահ Գևորգ Հովսեփյանը:
«Հայրենիքի գաղափարը վերածվել է նյութական արժեքի, կուսակցություններից ոչ մեկը լոզունգներից այն կողմ չի անցնում: Արտագաղթն ահագնացող չափեր է ընդունում, տնտեսությունը վատթար վիճակում է: Բարոյահոգեբանական դաշտն այնքան է թուլացել, որ որոշումներ կայացնելու ունակ չենք: Այսօր ողջ աշխարհը դուրս է գալիս մեր դեմ: Այսօր մեր երկրում բացակայում է կառավարման համակարգը, չկա պատասխանատվության զգացում: Մարդիկ կարող են սխալներ գործել, բայց հետո բարձր պաշտոն ստանալ»,- ասաց նա:
Կուսակցության ղեկավարի խոսքով, մենք, ավելի լավ ապրելու համար, կարիք ունենք ազգային գաղափարախոսության մշակման:
«Այսօր Նժդեհի գաղափարները վերածվել են ընդամենը ցիտատների, իսկ Նժդեհը մտքեր է արտահայտել ոչ թե արտասանելու, այլ կյանքի կոչելու համար»,- նշեց Գևորգ Հովսեփյանը:
Անդրադառնալով Ղրիմի խնդրին՝ Գևորգ Հովսեփյանը նշեց, որ պատմական -բարոյական դաշտում ԼՂՀ և Ղրիմի հակամարտությունները խիստ նման են:
Անի Ղազարյան