![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/image00002-scaled.jpeg)
Երեկ՝ փետրվարի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բարի օր» 2 կատակերգական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի գլխավոր հերոսներին՝ Հենդրիկին՝ տաքսիստ Հենդոյին և նրա ընտանիքին շատերն են հիշում։ Նախորդ ֆիլմում տաքսիստ Հենդոն աչքի չէր ընկնում իր լավ վարքով, սակայն ինչպես հիշում եք՝ ֆիլմի վերջում ամեն բան փոխվեց և կերպարի բարեվարքությունը պահպանվեց առ այս ֆիլմ։
Ֆիլմի դերասանական անձնակազմը փոփոխության չի ենթարկվել և դերերում են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Իվետա Մուկուչյանը, Մկրտիչ Արզումանյանը, Էվա Խաչատրյանը, Արև Սանթրոսյանը և այլք։
Ֆիլմի ռեժիսորներն են Արման Սարգսյանն ու Գրիգոր Գասպարյանը։ Տնօրենը Արտյոմ Հակոբյանն է։ Գլխավոր պրոդյուսերը Ամարաս Գասպարյանն է, իսկ սցենարիստները՝ Վան Գրիգորյանն ու Գառնիկ Մակվեցյանը։
Ֆիլմի ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի փոխացմամբ՝ նախորդ ֆիլմը կինոթատրոններում դիտել է 160 հազարից ավելի հանդիսատես և ստացել տարբեր լավ արձագանքներ սոցհարթակներում։
«Մարդիկ ակնհայտ ուզում էին շարունակությունը տեսնել, և մենք շտապեցինք շատ արագ, դեռ 1 տարի չանցած, ներկայացնել երկրորդ ֆիլմը։ Անցած պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 29-ին, այս տարի տեղի ունեցավ փետրվարի 6-ին։ Շատ տարբեր մտքեր կային՝ սկսե՞նք երկրորդը, թե ոչ, որովհետև երկրորդ ֆիլմն անելը միշտ չէ, որ լավ է ստացվում և ռիսկային է։ Երկար ժամանակ ենք ծախսել այս անգամ, որ որոշենք գաղափարը ինչն է լինելու, ինչի մասին է այս ֆիլմը։ Միանշանակ եկանք այն գաղափարին, որ պետք է կրկին հրաշք լինի։ Եթե առաջին ֆիլմի գաղափարը վերցված էր ամերիկյան ֆիլմի գաղափարից, ապա այս ֆիլմում հրաշքը փորձել ենք գտնել ինքներս»,- պատմել է ռեժիսորը։
Ֆիլմում Հենդրիկը՝ տաքսիստ Հենդոն, իր ծննդյան տարեդարձի օրը երազանք է պահում, որ չխաբեն իրեն և երազանքը կատարվում է։ Երազանքի կատարումից հետո Հենդրիկը հաճախ ստիպված է լինում լսել ճշմարտությունը։ Հենդրիկը ֆիլմում կարողանում է բացահայտել երկրում կատարվող կոռուպցիայի մասին, որը խնամքով թաքցնում են բոլորից, կեղծիքը, վատ բարքերը և այդ ամենը բացահայտելով՝ դառնում է հանրության կողմից սիրելի մեկը, սակայն այդ ամենը երկար չի տևում, քանի որ բացահայտվում է անցյալում կատարած վատ արարքները։
Դերասանն անկեղծացավ և ասաց, որ չէր ցանկանա իրական կյանքում իրեն միայն ճշմարտությունն ասեին, քանի որ ճշմարտությունը կարող է տխրեցներ իրեն։
Դերասանուհի Ռոզի Ավետիսովան պատմեց, որ Տաթևի կերպարը առաջին ֆիլմում դժբախտ կին էր, իսկ արդեն երկրորդում՝ հաջողակ բիզնեսլեդի։
«Ինձ համար երկու Տաթևներ են ու շատ տարբեր, քանի որ իրավիճակները փոխվում են, սակայն երկուսն էլ սիրում են Հենդոյին։ Երկու ֆիլմում էլ պահվում է ընտանիքի կարևորության գիծը, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Մեր կյանքում ընտանիքն ամենակարևոր ինստիտուտն է, և այդ քարոզը պետք է լինի»,- հավելեց դերասանուհին։
Գրիգոր Գասպարյանի խոսքով՝ ֆիլմը հայելի էր մեր և մեր հանրության համար, որտեղ մենք ինքներս մեզ կարող ենք տեսնել և միշտ չէ, որ այդ հայելին շատ հաճելի ու գեղեցիկ բաներ է ցույց տալիս, բայց շատ անկեղծ ու պարզ մեր կյանքը ցույց է տալիս։
ArmLur.am-ի հարցին՝ հնարավո՞ր է ֆիլմի երրորդ մասն էլ նկարահանվի, ռեժիսորն ու ստեղծագործական անձնակազմը չժխտեցին և հնարավոր է, որ Հենդրիկն ու իր ընտանիքը շարունակեն իրենց արկածային կյանքը մոտ ապագայում։
Դերասանները նաև պատմել են հետաքրքիր պատմություններ, որոնք եղել են նկարահանումներից, կադրերից դուրս։ Ամենից տպավորիչը դերասանուհի Էվա Խաչատրյանի պատմությունն էր։
«Ունեինք տեսարան, որը նկարում էինք հյուրանոցային համալիրում, որտեղ կար սաունա, ջակուզի և այլն: Ողջ նկարահանման թիմը մտավ ներս, ես էլ նրանց հետ, բայց Սուսոյի կերպարի հագուստով ու պարիկով էի: Մոտեցա, որ կոշիկներս փոխեմ, մի քիչ հանգստանամ, գոնե կես ժամ մինչև մեր սնվելու ժամանակը գա, մատուցողը ներս մտավ, 80 հոգանոց թիմին թողած, մոտեցավ, ինձ ասաց՝ «Սաունան միացնե՞նք»»,- պատմեց Էվան։
Ինչ վերաբերում է ինչ-որ մեկի հետ դժվար աշխատելուն, ֆիլմի անձնակազմը կատակեց և ասաց, որ ամենաբարդն աշխատելը ֆիլմում նկարահանված շնիկի հետ էր, բայց միևույն ժամանակ հաճելի էր։
Աննա Սրապիոնյան