Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է. Սերժ Սարգսյանն ասել է Բերդիմուհամեդովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, եւ դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Հայաստանը շնորհակալ է Թուրքմենստանին՝ մեզ համար կարեւորագույն հարցում ըմբռնման եւ չեզոքության համար: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ բարեկամ Թուրքմենստան այցելելու հրավերի եւ, իհարկե, ջերմ հյուրընկալության համար: Գեղեցիկ եւ հյուրընկալ Աշգաբատը հիանալի քաղաք է, որն իր հորինվածքով, նախագծով, հարմարավետությամբ կարող է ժամանակակից քաղաքաշինության իսկական օրինակ ծառայել: Ես երեկ տեսա նոր շինություններ, տեսա, թե ինչ է Աշգաբատում ավելացել այս մեկ տարում եւ, իհարկե, հաճույքով եմ վերադառնում ձեր հիասքանչ երկիր:

Մենք բարեկամական եւ վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկեցինք հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր կողմնորոշիչները: Ես ուրախ եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մեր այցերի կանոնավորությունը հաստատում է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մեր բարեկամ երկրների միջեւ գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման գործում:

Մենք, իհարկե, հանգամանորեն քննարկեցինք առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ցավոք, մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ եւ որ կարեւորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում:

Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան եւ ոչ միայն 2014 թվականին, այլ նաեւ հետագայում մեր հարաբերությունները, ես նկատի ունեմ առեւտրատնտեսական, արժանի կլինեն մեր քաղաքական հարաբերություններին: Մենք նաեւ քննարկեցինք ենթակառուցվածքային եւ էներգետիկ ծրագրերի զարգացումը:

Բանակցությունների արդյունքներով ստորագրվեցին քաղաքական եւ տնտեսական համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթեր, որոնք կլրացնեն ավելի քան 60 փաստաթղթից կազմված մեր իրավապայմանագրային բազան: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել այսօր ստորագրված ավիացիայի հարցերով հուշագիրը, որը նպատակաուղղված է այդ ոլորտում փոխհարաբերությունների ազատականացմանը:

Շուտով մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունից: Հնարավոր կլինի Երեւանից ուղիղ չվերթով Աշգաբատ հասնել ընդամենը երկու ժամում: Իսկ դա, վստահ եմ, կբերի փոխադարձ փոխանակումների, զբոսաշրջության աճին, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու համար պայմանների էական թեթեւացման:

Մենք պարոն նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր եւ ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման կարեւորությունը: Բանակցությունների ընթացքում հաստատվեց Հայաստանի եւ Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում եւս նպաստել խաղաղության եւ անվտանգության հաստատմանը Անկախ պետությունների համագործակցության, ՄԱԿ եւ ԵԱՀԿ շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով:

Ես այսօր եւս մեկ անգամ ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը ՝ հարցը կարող է եւ պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա: Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, եւ դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարեւորագույն հարցում ըմբռնման եւ չեզոքության համար:

Մեր ժողովուրդներին միավորում են վաղեմի պատմությունն ու բարեկամության ավանդույթները: Մենք մանրամասնորեն խոսեցինք մեր հարաբերությունների հումանիտար բաղադրիչի մասին: Ես հույս ունեմ, որ այցի շրջանակներում անցկացվող մեր երկրի մշակույթի օրերը Թուրքմենստանում մեծ հետաքրքրություն կառաջացնեն:

Վերջերս Երեւանի պետական համալսարանում կազմակերպվել էր թուրքմեն մեծ պոետ, փիլիսոփա եւ մտածող Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված գիտական համաժողով: Նրա աշխատանքները թարգմանվել են հայերեն:

Հայաստանում ցանկանում են ավելին իմանալ թուրքմեն հին ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության մասին: Համոզված եմ, որ հաջորդ տարի Երեւանում ծրագրված ձեր երկրի մշակույթի օրերը եւս մեծ հաջողությամբ կուղեկցվեն:

Վերջում ցանկանում եմ վստահություն հայտնել, որ կայացած բանակցությունները, իսկ դրանք եղել են բաց եւ կառուցողական, կծառայեն մեր երկրների միջեւ բարեկամական կապերի հետագա զարգացման գործին:

Իհարկե, մենք Թուրքմենստանի նախագահի հետ միաձայն ընդգծեցինք, որ մեր հանդիպումների կանոնավորությունը մեր հարաբերությունների զարգացման շարժիչ ուժն է, եւ դրա համար էլ ես հաճույքով հրավիրեցի Թուրքմենստանի նախագահին այցելել Հայաստան, որովհետեւ այդպիսի հանդիպումները մեծ օգուտ են բերում»,- նշել է Սարգսյանը իր ելույթում:




Լրահոս