![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/5-kayq.jpg)
Մեր կարգախոսն է՝ «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին՝ առանց տաբուների»։
14 տարի առաջ Թագուհի Թովմասյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ հիմնադրեցին «Ժողովուրդ» օրաթերթը. այդ ժամանակ միտումը դեպի թվայնացումն էր եւ համացանցային մեդիան: Ավանդական մամուլն իր դիրքերը ակնհայտորեն զիջում էր, բայց մենք, հակառակ հոսանքին, նոր օրաթերթ հիմնադրեցինք՝ համոզմունքով, որ այն դառնալու է Հայաստանի թոփ լրատվամիջոցներից մեկը:
Եվ այսպես, 2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ մեր օրաթերթի առաջին համարը 5000 տպաքանակով՝ սպասվածից մեծ պահանջարկ ձեւավորելով: 3 օր անվճար բաժանում էինք թերթերը ընթերցողներին՝ մեր ճանաչելիության համար, բայց քանի որ պահանջարկը բավականին մեծ էր, անվճար գրառումով թերթը շատ կրպակներ վաճառում էին:
Նոր մեդիա դարաշրջանում թերթը մնում է անկախ եւ ազդեցիկ։
Մեծ դժվարությունների միջով ենք անցել. դատական տասնյակ հայցեր, ազատ խոսքը լռեցնելու փորձեր, մեզ սնանկացնելուն ուղղված գործողություններ, հոդված գրելու համար բերման ենթարկելու փորձեր, զանգվածային պայքար՝ հանուն մեր եւ ձեր իրավունքների…
Գաղտնալսվեց անգամ գլխավոր խմբագիրը, անհայտ անձինք ներխուժեցին մեր խմբագրություն, եւ գործը մինչ օրս բացահայտված չէ։
Ազգային ժողովի նախագահից սկսած մինչեւ Երեւանի քաղաքապետ, իշխանահաճո գործարարներ դատական հայցեր են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ խոշոր տուգանքների պահանջներով… Սա էլ կհաղթահարենք: Պայքարից հոգնողը չենք:
14 տարի, որոնք չփոխեցին մեզ… Անկողմնակալությունը, անաչառությունը, օբյեկտիվությունը եւ որեւէ քաղաքական ուժին չծառայելը մեզ համար գլխավոր արժեքներ են: Մեր ամենահուսալի գործընկերը մեր ընթերցողներն են, որոնք տարիների ընթացքում հասել են հարյուր հազարների՝ տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով: Մեր օրաթերթը հուսալի եւ ազնիվ աղբյուր է ինֆորմացիա ստանալու համար, վստահելի գործընկեր՝ գովազդատուների համար:
Փոքրիկ վիճակագրություն
14 տարիների ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է 3047 համար, որտեղ լույս են տեսել մոտ 27 հազար 423 հոդվածներ՝ այդ թվում եւ հետաքննական ժանրի, 6094 հարցազրույցներ՝ տարբեր գործիչների հետ եւ 70 հազար 81 լուր՝ ներառելով տարբեր բնագավառներ:
Facebook սոցիալական ցանցում մենք ունենք 500.000 հետեւորդ, Youtube-ում՝ 300.000 հետեւորդ, իսկ մեր կայք՝ ArmLur.am այցելությունների թիվը ամսական 1.5-2 մլն է կազմում։
14 տարիների ընթացքում մեր դեմ ներկայացվել են մոտ 25 դատական հայցեր, որից 23-ի դեպքում հաղթել ենք եւ շարունակում ենք բողոքարկել:
Այսպիսով՝ շարունակելու ենք անցյալի ոգով դեպի ապագա, բայց մե՛ր իմացած ու պատկերացրած ապագան:
Շնորհակալություն մեզ հետեւելու համար։