Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը եւ բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ Այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։
2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաեւ վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։
Եվրոպայի 14 վտանգված վայրերը ընտրվել են միջազգային Խորհրդակցական խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են հնագիտության, ճարտարապետության, ժառանգության պահպանման, նախագծային վերլուծության եւ ֆինանսավորման ոլորտի մասնագետներ։ Ընտրությունը կատարվել է հետեւյալ չափանիշներով. վայրի մշակութային եւ պատմական արժեքի կարեւորությունը, վտանգի իրական եւ հրատապ լինելը, տեղական համայնքների ներգրավվածության մակարդակը, պետական եւ մասնավոր հատվածի աջակցությունը, տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման ներուժը։
Թաքնված Տավուշի անտառներում՝ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արեւմուտք, Կիրանց գետի երկայնքով, Առաքելոց վանական համալիրը միջնադարյան կրոնական եւ աշխարհիկ ժառանգության բացառիկ գոհարներից է։ 13-րդ դարում այն եղել է մշակութային ու տնտեսական կարեւոր կենտրոն՝ Հայկական մետաքսի ճանապարհի առեւտրային աշխուժության վկայությամբ։ Մեկուսի դիրքը եւ հայ-ադրբեջանական սահմանին հարեւանությունը ընդգծում են համալիրի ոչ միայն պատմական, այլեւ աշխարհաքաղաքական նշանակությունը։
Համալիրը շրջապատված է տպավորիչ պարսպով ու աշտարակներով, իսկ նրա ճարտարապետական կենտրոնը գլխավոր եկեղեցին է՝ գմբեթավոր դահլիճով ու կից գավթով, որը զարդարված է հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով։ Այսօր այստեղ պահպանվել են Սուրբ Սարգսի եզակի որմնանկարը, քարավանատունը, ձիթհանքը եւ Սրանոց կամուրջը, որոնք վկայում են երբեմնի աշխույժ առեւտրային կյանքի մասին։ Զաքարյանների ու մոնղոլական տիրապետության տարիներին վանական համալիրը վայելել է հարկային արտոնություններ՝ դառնալով կրոնական ու աշխարհիկ կյանքի համակեցության վառ օրինակ եւ հայ-վրացական մշակութային փոխազդեցության կարեւոր օղակ։ Սակայն 17-րդ դարից բնակատեղին լքվել է եւ մինչ օրս պատշաճ ուսումնասիրված չէ։
Այսօր Առաքելոցը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Քայքայվող պատերը, վայրի բուսականության ներխուժումը, կլիմայական փոփոխությունները, առատ տեղումները եւ սելավները սպառնալիք են համալիրի պահպանության համար։ Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելն ու երկրաշարժերից վնասված կառույցները լրացուցիչ վտանգներ են ստեղծում։ Մարդկային գործոնն էլ ակնհայտ է՝ գրաֆիտիով պատված պատեր, չպահպանվող տարածքներ ու ոչ կանոնակարգված հանգստի գոտիներ։ Բացի այդ, համալիրում առկա չղջիկների գաղութը պահանջում է մշակութային ժառանգության եւ վայրի բնության պահպանության միջեւ հավասարակշռված մոտեցում։
Այս հանգամանքներում Առաքելոց վանական համալիրը եւ բնակատեղին ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում։ Դրա առաջադրումը նախաձեռնել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Աճարկուտի համայնքապետարանի, «Կապույտ վահան Հայաստանը» կազմակերպության եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աջակցությամբ։ Տարածքի հետազոտության, պահպանության եւ կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն կտրամադրի Ավստրիայի Կրեմսի շարունակական կրթության համալսարանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վանական համալիրի եւ բնակատեղիի մանրակրկիտ ուսումնասիրություն, տարածքի բարեկարգում, պահպանություն եւ կայուն էկոտուրիզմի խթանում՝ տեղական շահառուների, ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ Կրթական ծրագրերն ու զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն խթանելու տեղի բնակչության կապը այս միջնադարյան ժառանգության հետ՝ ձեւավորելով հպարտության ու գնահատանքի զգացում տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։
«Յոթ ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը շեշտում է, որ Առաքելոցը միջնադարյան նշանակալի ժառանգություն է, որը մարմնավորում է մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը։ Սակայն տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լարվածությունը եւ բնապահպանական խնդիրները պահանջում են անհապաղ միջամտություն։ Վանական համալիրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանն ու հաշտեցմանը՝ ժառանգությունը վերածելով խաղաղության եւ առաջընթացի ռեսուրսի։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Փետրվարի 2-ին Լոս Անջելեսում կայացավ ամենամյա «Գրեմմի» 2025 երաժշտական իրադարձությունը։
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն այս տարի բացարձակ առաջատար է եղել՝ ունենալով 11 անվանակարգ, սակայն հաղթել է միայն երկուսում։ Բեյոնսեն հաղթել է «Լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգում եւ դարձել է առաջին սեւամորթ կատարողը, որը երբեւիցե հաղթել է այդ անվանակարգում։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մրցանակ ստացած երգիչներին։
Այսպիսով, տարվա երգ անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարը, իր Not Like Us երգով։ Տարվա ձայնագրություն անվանակարգում կրկին հաղթել է Քենդրիք Լամարը նույն երգով։ Քենդրիքը նաեւ մրցանակ է ստացել լավագույն ռեփ ելույթի, տարվա ռեփ ստեղծագործության համար։
Լավագույն փոփ զուգերգում մրցանակ են ստացել Լեդի Գագան եւ Բրունո Մարսը, իրենց Die With a Smile երգով, որը կարճ ժամանակահատվածում դարձել է սիրված եւ ճանաչված։
Լավագույն լատինաամերիկյան ալբոմ անվանակարգում, բնականաբար, հաղթող է ճանաչվել լեգենդար Շակիրան իր Las Mujeres Ya No Lloran երգով։
Այս տարի նոր արտիստների պակաս եւս չի եղել, եւ տարվա նոր արտիստ անվանակարգում հաղթող է ճանաչվել Chappell Roan-ը։
Լավագույն փոփ վոկալային ալբոմ անվանակարգում հաղթող է ճանաչվել եւ մրցանակ ստացել Սաբրինա Քարփենթերը Short n’ Sweet երգով։
Դե էլ ինչ երաժշտական մրցանակաբաշխություն՝ առանց ռեփի։ Լավագույն ռեփ ալբոմ անվանակարգում հաղթել է Doechii-ն Alligator Bites Never Heal ստեղծագործությունով։
Լավագույն փոփ սոլո ելույթի հաղթող եւ մրցանակակիր է դարձել Սաբրինա Քարփենթերը իր Espresso երգով, որն ի դեպ, լայն տարածում եւ ճանաչում է ստացել ամոբղջ աշխարհում։
Շարունակելով ցանկը՝ պետք է առանձնացնել լավագույն պարային ալբոմ անվանակարգը, որի համար մրցանակ է ստացել Charli xcx-ը իր Brat կատարմամբ։
Լավագույն ռոք ելույթ անվանակարգին է արժանացել «Բիթլզ» խումբը Now and Then կատարմամբ։ Մրցանակը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ խումբը մինչ օրս համարվում է լեգենդար։
Լավագույն ալտերնատիվ ալբոմ անվանակարգում հաղթել է St Vincent-ը, իսկ լավագույն քանթրի սոլո ելույթ անվանակարգում՝ Chris Stapleton-ը It Takes a Woman ստեղծագործության համար։
Էլ ի՞նչ «Գրեմմի» առանց SZA։ Սիրված երգչուհին հաղթել է Լավագույն R&B երգ անվանակարգում իր Saturn երգով։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ