Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների: Այդ մասին ասվում է հայ-թուրքմենական համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է այսօր՝ Աշգաբատում, երկու երկրների նախագահների հանդիպմանը:
«2014 թվականի ապրիլի 8-9-ը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան:
Բանակցությունների ընթացքում, որոնք անցան բարեկամության եւ փոխվստահության մթնոլորտում, տեղի ունեցավ կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ: Նախագահները նշեցին փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարներն արտահայտեցին միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:
Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական գնահատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաեւ հաստատեցին դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի նախագահները փաստեցին միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատեցին միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը:
Նախագահներն ընդգծեցին ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը:
Կողմերը հաստատեցին գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության եւ կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության եւ նրա հաստատությունների դերի բարձրացման կարեւորությունը:
Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվեցին բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Երկու պետությունների ղեկավարները նշեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարեւոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում:
Այդ կապակցությամբ, ընդգծվեց Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առեւտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով:
Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ կապերի հետագա ամրապնդման օգտին եւ այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն դարձրեցին հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի եւ արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջեւ կապերի կարեւոր նշանակությունը:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն գիտության եւ տեխնիկայի, սպորտի եւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի նախագահներն ընդգծեցին երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման եւ ընդլայնման կարեւորությունը:
Երկու պետությունների ղեկավարները հաստատեցին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առեւտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ եւ բարեկամական ընդունելության համար ու հրավիրեց Թուրքմենստանի նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: