
Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Սուսաննա Արիստակեսյանը 2012-2017 թթ. աշխատել է «Սելենա ՍՊԸ»-ում` որպես հաշվապահ: Եվ մի օր` աշխատանքի գնալիս, նրան թույլ չեն տվել մտնել աշխատավայր` ուղեկցելով Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի մոտ: Վերջինս գոռգոռացել է, ասել, թե Սուսաննան թալանել է իրենց, ու պահանջել է վճարել 40 մլն դրամ:
Իրավապահներին Սուսաննա Արիստակեսյանը հայտնել է. «Տնօրեն Սերգեյ Կարապետյանը եկավ, դուրս հանեց ինձ, չթողեց` պարզաբանումներս ներկայացնեմ: Ես Վաչագան Ղազարյանի վճարած 80 հազար դրամ կտրոնը ջնջել եմ, բայց գումարը եղել է դրամարկղում, ինչո՞ւ պետք է 40 մլն դրամ վճարեի: Մի քանի օր հետո ամուսնուս` Գրիշա Ղազարյանին, Վաչագան Ղազարյանը կանչեց նախագահի նստավայր. կարճ զրույցի ժամանակ նրան ասել էր, որ պետք է 20 մլն դրամ վճարի իրեն», – հավելել է Սուսաննա Արիստակեսյանը:
«Ես ԱԱԾ-ի տղերքին խնդրել եմ, պարզել են, որ կինդ խաբել է մեզ, ու եթե փողը չտաս, գիտես՝ ինչքան ուզեմ` կստանամ, հետո չասեք` «գռուզիտ» արեցի», – ասել է Վաչագան Ղազարյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի իր աշխատասենյակում, որտեղ Սուսաննայի ամուսինը մտել է առանց անցագրի` հեռախոսային թույլտվությամբ:
Հետո հաշվապահը գրում է, որ իրեն ուղեկցել են «ՅԱՆՍ», որտեղ դիմավորել են Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննան, Սերգեյը, ծրագրավորող Արմենը եւ ԱԱԾ-ից Հայկը:
«Ինձ եւ ամուսնուս նսեմացրել է Ռուզաննան: Ամբողջ զրույցի ժամանակ պայմաններ է առաջ քաշել` «Կինդ պետք է ինքնասպան լինի։ Պիտի փող բերի տա։ Դատվի։ Համ դատվի, համ փող տա»: Եվ այդպես հարուցվեց քրգործ ու ինձ ձերբակալեցին (11.08.2017)։ Առաջին հարցաքննության ժամանակ` 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում: Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ», – իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը:
Այս հաղորդումը իրավապահ համակարգ ներկայացվել է 5 տարի առաջ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018-ին` հեղափոխությունից հետո, հարուցվել է քրգործ, Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն հետագայում այս գործը կարճվել է: Փաստորեն, իր աշխատակցին ճնշելու, գումարներ ստանալու արարքը հայրենի իրավապահները համարում են օրինաչափ:
Անցած տարեվերջին ՀՖՖ նախագահի պաշտոնում ձախողումների մաստեր կլասի հեղինակ Արմեն Մելիքբեկյանն ու իր թիմը հերթական անգամ հայտնվեցին, մեղմ ասած, անհարմար իրավիճակում. անցած տարվա դեկտեմբերի վերջին նա հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվար ամսին: Այս խոստումը եւս չկատարվեց ու մարտի 20-ին նախատեսված անչափ սկզբունքային` Հայաստան-Վրաստան խաղից առաջ մենք նույնիսկ գլխավոր մարզիչ չունենք: Իհարկե, Մելիքբեկյանի ու իր թիմի ձախողումների ֆոնին տրամաբանական է, որ դժվար կլինի նորմալ մարզչի համոզել, որ գա եւ գլխավորի հավաքականը, սակայն սա չի արդարացնում այս մարդու հերթական անպատասխանատու հայտարարությունը: Ընդհանրապես, ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ Մելիքբեկյանի կառավարման շրջանը, նրա հեռանալուց հետո, թերեւս կհամարվի հայկական ֆուտբոլի վատագույն շրջանը, երբ մի կողմից սովորական են դարձել տարբեր տարիքային հավաքականների պարտությունները, որոնք որոշ դեպքերում ուղղակի խայտառակություն են հիշեցնում, իսկ մյուս կողմից դուրս են գալիս ոլորտում տարիներ շարունակ ներդրումներ արած գործարարներ, ինչը ֆուտբոլի ապագան ավելի մշուշոտ է դարձնում: Բացի վերը նշվածից` ըստ որոշ տեղեկությունների, հայկական ֆուտբոլին սպասվում են սկանդալային բացահայտումներ՝ կապված խաղադրույքների, ինչպես նաեւ խաղադրույքների բիզնեսով զբաղվող ակումբներից մեկի հետ: Հաշվի առնելով մեդիահրապարակումները՝ ենթադրելի է, որ խոսքը կարող է լինել նաեւ «ՆՈԱ» ակումբի մասին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ այս ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։ Թե ինչ նպատակով՝ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա, բայց փաստ է, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան, ոխերիմ թիմակիցներ չկան՝ այլ ընդամենը 2 ՔՊ-ական պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ը ինքն իրեն պաշտոնական այցով «գործուղել է» Լյուքսեմբուրգ, ապա 6-8-ը՝ Բրյուսել։ ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից, մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար, եւ խորհրդական Աշխեն Հայրապետյանը։ Թվարկվածներից միայն 5 հոգու ծախս է իր վրա վերցրել Լյուքսեմբուրգը, 6 հոգու գործուղման ծախսերը վճարվել է հերոս հարկատուների միջոցներով։ Իսկ Բրյուսելի եռօրյա այցի համար ֆինանսավորումը ամբողջությամբ ապահովվել է հարկատուների հաշվին, եւ պատվիրակությանը միացել է եւս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Սարգիս Խանդանյանը, ով մեկ օր շուտ է հասնելու Բրյուսել։ 12 անձի գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի եւ գիշերավարձի (3 գիշերվա՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի) վճարումը կատարվել (ու) է ՀՀ պետբյուջեի հաշվին։
Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի ընկերոջ՝ թիմակից Էդմոն Մարուքյանի կնոջը՝ Տաթեւ Մատինյանին, ազատել է աշխատանքից: Վերջինս 2023 թվականին, երբ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի «պատվավոր» պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որը 2023 թվականին էր հիմնադրվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց Փաշինյանի հրահանգով Տաթեւ Մատինյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Պատճառն էլ Փաշինյանի մշտական համախոհ Մարուքյանի՝ վերջին շրջանի հակաճառություններն ու ընդվզումներն են իշխանությունների հայտարարությունների ու որոշումների դեմ: Կարելի է ասել՝ Փաշինյանը կնոջ միջոցով պատժել է Մարուքյանին: Հիշեցնենք նաեւ, որ Տաթեւ Մատինյանը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահն է, որը երբեմն խոսքի ազատությունը սահմանափակող նախագծերով է փորձում հանդես գալ: