
Գյումրու ավագանու մարտին կայանալիք արտահերթ ընտրությունները թեժ են լինելու, թեկնածուների պակաս էլ, կարծես, չկա։
Իշխող ուժի թեկնածուն քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է, որը վերջերս է անդամագրվել ՔՊ-ին։ Գյումրու ընտրություններին մասնակցում են նաեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության նախագահ Կարեն Մալխասյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը եւ այլք։
Ընտրություններին ներկայացված հայտ է ներկայացրել նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ ArmLur.am-ը վերջինիս հետ զրուցել է Գյումրիում կայանալիք ընտրությունների եւ քաղաքական ներկա իրավիճակի վերաբերյալ:
-Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին, ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը։
-Շատ լավ եմ վերաբերվում բոլորին, մեր հայ տղաներն են, հաջողություն եմ մաղթում նրանց:
-ՔՊ-ն, փաստորեն, աղմկահարույց դեպքերից հետո փոխեց իր թեկնածուին՝ Կարեն Սարուխանյանին, ում, ինչպես ասում էիք, չեք ճանաչում։ Հիմա իշխող ուժի թեկնածուն Սարիկ Մինասյանն է, որը համայնքապետի պարտականություններն է կատարում։ Ի՞նչ է փոխելու սա ընտրությունների վերջնական ելքում։
-Այո, այսօր էլ Սարուխանյանին չեմ ճանաչում, իսկ Սարիկ Մինասյանը վատ տղա չէ, ճանաչում եմ։ Այդքանը կասեմ:
-ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով նախկինում մասնակցել է Գյումրու համայնքապետի ընտրություններին, այս անգամ եւս մասնակցելու է:
-Աստված իր հետ, թող մասնակցի:
-Պարո՛ն Ղուկասյան, իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։
-Կապրենք, կտեսնենք: 30 տարի ինձ քարկոծում էիք, հիմա տեսնենք՝ ինչ կլինի, ճի՞շտ էիք ինձ հետ կապված, թե՞ ոչ: Համբերեք՝ տեսնենք։
-Մենք չենք քարկոծել, պարո՛ն Ղուկասյան, քաղաքացիների դժգոհություններն ենք ներկայացրել։
-Քաղաքացիների անունից ինչ ուզում՝ խոսում եք, կապրենք, կտեսնենք՝ ժողովուրդը ի՞նչ է մտածում։ Ես հո Նոստրադամուսը չե՞մ, ասեմ՝ ինչ կլինի. մի քիչ համբերե՛ք։
-Պարո՛ն Ղուկասյան, Դուք նախորդ անգամ մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեցիք, որ, հնարավոր է, ընտրություններից առաջ Ձեր նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեն, հիմա՞ էլ կան վախեր։
-Աշխարհ է, ամեն ինչ էլ կլինի։ Ես ոչնչից չեմ անհանգստանում, գիտեմ՝ աշխարհում հանդերձյալ կյանք կա։
Հիշեցնենք՝ Գյումրիում կառավարման ճգնաժամ էր առաջացել նոյեմբերից, երբ «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դրեց։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը իրականացրեց նախնական ընտրություններ՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ Ներկուսակցական նախնական ընտրություններում հաղթեց անկուսակցական Սարիկ Մինասյանը, որն ավելի ուշ անդամագրվեց ՔՊ-ին:
Սարիկ Մինասյանը դեկտեմբերի 13-ին նշանակվեց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
110 «ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԱՌՈՒ» ԿՍՏԱՆԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկառուների աջակցության ծրագիրը, որի համար շահառու է հանդիսանում 218 հազար մարդ։
ArmLur.am-ին աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ երեկվանից «անհուսալի վարկառուներից» ստացվել է 350 դիմում, որից 110-ը համապատասխանել են ծրագրի պայմաններին, եւ նրանց դիմումները հաստատվել են։ 240 դիմումատուների դիմումների մերժման պատճառը ծրագրի պայմաններին չհամապատասխանելն է։
Այսպիսով՝ ArmLur.am-ը ներկայացնում է՝ ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից։
Համաձայն Կենտրոնական բանկի կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկության՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» եւ համապատասխանում են սահմանված պայմաններին, շուրջ 218 հազար են։ «Անհուսալի վարկեր» ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու եւ նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով՝ 2025 թ. փետրվարի 1-ից Հայաստանում գործարկվում է ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել «անհուսալի վարկ» ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ծրագիրը, որն իրականացվում է ԱՍՀ նախարարության կողմից եւ որի նպատակը «անհուսալի վարկեր» ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է, ընդգրկում է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, եւ այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե «անհուսալի վարկառու» դարձածներից քանիսն աշխատանք ունի, եւ որքան գումար է հատկացվելու վարկեր ունեցող անձանց աջակցելու համար։
Նախարարությունից փոխանցել էին, որ «անհուսալի վարկառուների» մինչեւ 20%-ն ունի ֆորմալ զբաղվածություն. մնացածը կա՛մ չունեն աշխատանք կա՛մ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախագծի հիմքն այն է, որ ոչ թե պետությունն է բյուջեից գումար հատկացնում, այլ անձի աշխատավարձից է այն փոխանցվում: «Բռնագանձվող գումարի չափը մինչ այս նախագիծը 50 տոկոս էր։ Այս որոշմամբ 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան։ Փետրվարից գործարկվող ծրագրին կարողանալու են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է եւ իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով»,- փոխանցում են նախարարությունից։ Այսինքն՝ պետությունն այլ գումար չի ուղղելու անհուսալի վարկի մարմանը, այլ այն՝ ինչ որպես եկամտահարկ կգոյանա տվյալ անձի աշխատանքի դիմաց։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ