ՆՎԵՐ՝ ՌԴ-Ի ԴԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ կոշտ քննադատություններից հետո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին  Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների հետ խորհրդակցությունից հետո Ֆինլանդիայի Խորհրդարանի նախագահը թանկարժեք հուշանվեր է նվիրել։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների շրջանում: Ալեն Սիմոնյանը, բալթյան երկրների ներկայացուցիչների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել»:

 

Այս հայտարարություններից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Ալեն Սիմոնյանը Հայաստան է եկել հուշանվերով, այն է՝ «Ապակե թռչուն» կապույտ գույնի հուշանվեր, որի արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ  հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ  հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւ յալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ  նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։

40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաեւ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, եթե որեւէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ, չեն կարող ընդունել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

 

 

 

ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Երեւանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին ավելացել է։ Ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։ Սպասարկման ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով (2024թ. այդ ծախսերը կազմել են շուրջ 603 մլն դրամ)։ 2023 թվականին սպասարկման համար հատկացվել էր 542 մլն դրամ, 2022 թվականին՝ շուրջ 470 մլն դրամ։

 

 

ԿՄԵԿՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, մինչեւ Ռամադանի սկսվելն այցելի Սիրիա։ Turkiye թերթի փոխանցմամբ՝ Սիրիա այցի հրավերն Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայից կստանա Անկարայում անցկացվելիք բանակցությունների ժամանակ։ Բանակցությունների եւ երկու երկրների կառավարությունների համատեղ հանդիպման արդյունքում ակնկալվում է, որ կարեւոր պայմանագրեր կստորագրվեն տնտեսության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։ 2025 թվականին Ռամադանը սկսվելու է փետրվարի 28-ի մայրամուտին եւ կշարունակվի մինչեւ մարտի 30-ը։

 

 

ՄԱՀԱԿՆԵՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ

Ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղեւորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաեւ, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է: Պարզվել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ժամեր անց հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։ Պարզվել են ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունները:

 




Լրահոս