ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՓՄՁ-ՆԵՀՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիաբանկ»-ը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ համաշխարհային ստորաբաժանման (ԵՆԲ Գլոբալ)  կողմից Հարավային Կովկասի որեւէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբեւէ տրված ամենախոշոր վարկն է: Այս ֆինանսավորումն  ընդգծում է «Ամերիաբանկ»-ի եւ ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը եւ նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը:

 

Այս գործարքով «Ամերիաբանկ»-ը մատչելի եւ հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին` նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման եւ կայուն նախաձեռնությունների ուղղությամբ:

ԵՆԲ-ի գնահատականների համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում աջակցություն կտրամադրվի շուրջ 400 ՄՓՄՁ-ի եւ կապահովվի ավելի քան 15,000 աշխատատեղ՝ որը համահունչ է հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու ու տնտեսությունն ամրապնդելու «Ամերիաբանկ»ի հանձնառությանը:

«Ամերիաբանկ»ի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշեց. «Ուրախ ենք Եվրոպական ներդրումային բանկի (EIB Global) հետ համագործակցության համար, որով վերահաստատում ենք Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու մեր հանձնառությունը: Այս համագործակցությունը տեղական բիզնեսներին կընձեռի մատչելի ֆինանսավորում ստանալու հնարավորություն, ինչը թույլ կտա բացահայտելու իրենց ողջ ներուժը եւ զգալիորեն նպաստելու Հայաստանի տնտեսական աճին: Որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատու բանկը, որն ունի նշանակալի պորտֆել կանաչ եւ կայուն ֆինանսավորման ոլորտում, ուզում ենք վստահություն հայտնել, որ մենք կարող ենք Հայաստանի համար ավելի կայուն եւ ներառական տնտեսական ապագա կերտել»:

Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝ ՄՓՄՁ-ներին արժութային ռիսկերից պաշտպանելու համար։ Եվրամիությունը (ԵՄ) սատարում է գործարքը` տրամադրելով դրամաշնորհային ֆինանսավորում, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար մատչելի տոկոսադրույք սահմանել։ Նախաձեռնությունը համահունչ է ԵՄ-ի՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու նպատակի իրագործմանը՝  կայուն, նորարար եւ մրցունակ տնտեսություն ստեղծելու համար, ինչը Հայաստանում Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային ծրագրի հինգ հիմնասյուներից մեկն է:

«Մենք ուրախ ենք «Ամերիաբանկ»-ի հետ գործակցելու առնչությամբ՝ Հայաստանի մասնավոր հատվածը ամրապնդելու եւ  կայուն տնտեսական աճը խթանելու համար»,- ասաց  Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող, ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ «Այս շրջադարձային գործարքը նշանակալի քայլ է մեր հանձնառության իրագործման ուղղությամբ՝ կայուն զարգացումը եւ տնտեսական կայունությունը խթանելու՝ Եվրոպական Միության (ԵՄ) եւ Հայաստանի առաջնահերթություններին համահունչ»։

«Հայաստանի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) աջակցությամբ մենք ընթանում ենք մեր հանձնառությանը համահունչ՝ օժանդակել հայկական մասնավոր հատվածին եւ նպաստել ֆինանսավորման հասանելիության ապահովման հրատապ կարիքի լուծմանը, այդ թվում՝ տեղական արժույթով։ Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Եվրոպական ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման եւ բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմադրողականություն եւ աճ» ծրագրի շրջանակում տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին եւ արտահանման նոր հնարավորություններին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը», – ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ «Ամերիաբանկ»-ի միջեւ 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ:

«Ամերիաբանկ»-ը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ համաձայն 2024 թ. տարեվերջյան արդյունքների։

Մինչ օրս «Ամերիաբանկ»-ը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ 2009 թվականից բանկը միջազգային ֆինանսական կառույցների եւ սոցիալական ներդրողների աջակցությամբ ֆինանսավորել է ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի նախագծեր էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

 

«Ամերիաբանկ»-ի մասին

«Ամերիաբանկ»-ը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ եւ բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ «Ամերիաբանկ»-ը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին ասել  է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի եւ կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը:

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել՝ առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու եւ փաստաթղթեր ներկայացնելու:

Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Դավիթ Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հիմնական զեկուցողը, անդրադառնալով օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածին, համոզմունք է հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը կապահովվի թվային համակարգը, որն ամբողջությամբ թույլ կտա հարցերը կարգավորել էլեկտրոնային եղանակով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդգծել է նախագծի ընդունման կարեւորությունը՝ առաջարկելով կողմ քվեարկել: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

 

 




Լրահոս