ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ոստիկանության մասին եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախաձեռնությանը, որը նախատեսում է ոստիկանությանը հասանելիություն տրամադրել տեսանկարահանող սարքերին եւ վերաբերում է միայն պետական մարմինների եւ ՏԻՄ մարմինների միջոցով տրամադրվող տեսախցիկների հասանելիությանը՝ բացառելով մասնավոր հատվածը։

 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխանցմամբ՝ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը ստացել է օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկներ, եւ հանձնաժողովն ակնկալում է ստանալ այդ հարցերի պատասխանները՝ վերջնարդյունքում կոնսենսուսային լուծումներ գտնելու նպատակով։

«Ցանկանում եմ ընդգծել տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները, մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող, ինչպես նաեւ մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարված կամ կատարվող հանցագործություններին եւ իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու եւ բացահայտելու համար», – նշել է նախագծի հիմնական զեկուցող, պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կրիմինոլոգիական մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում տեսանկարահանող սարքերի առկայությունը հանցավորության միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի։

«Ներկայում, օրինակ, Երեւանում տեղի ունեցած հանցագործությունների եւ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղիները վերահսկող տեսախցիկներից։ Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվության ու ներկայության, ինչը բարդացնում է ընթացքը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման եւ ոչ իրավասու անձանց մասնակցության»,-ընդգծել է Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ամենն անհնար է դարձնում դեպքերի՝ տաք հետքերով բացահայտումը։

Նախագծի փաթեթի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնել տվյալների մշակումը հետեւյալ նպատակներով՝ իրավախախտումների կանխում, նախականխում, հայտնաբերում եւ բացահայտում, հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքում, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում, անհետ կորած քաղաքացիների եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում, հասարակական կարգի եւ անվտանգության պահպանություն եւ այլն։

Քննարկվող նախագծի շրջանակներում Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով` Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունները հիմնականում նպատակաուղղված են գործառնական մակարդակում տվյալների անվտանգության ապահովմանը եւ դրանց նպատակային օգտագործմանը։

«Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ մենք առաջարկում ենք այստեղ գաղտնիության պահպանման պարտականություններ եւս սահմանել ծառայողների վրա եւ այս մասով որոշակի դրույթներ ներառել, հստակորեն սահմանել պահպանման ժամկետներն այն մարմինների մոտ, ում մոտ գեներացվում են տվյալները»,- ասել է Ղազարյանը:

Ք. Մ.

 

 

 

1 ԱՄԻՍ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթեւեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Ըստ պատգամավորի՝ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։ Շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով եւ վարորդական վկայականով։

ՀՀ պարեկային ծառայությունն այս դեպքերում նրանց տուգանում է՝ գործող օրենսդրության պահանջներից ելնելով։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ խնդիրն իրենց հայտնի է։

«Այս պահին ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթեւեկել ՀՀ-ում», – նշել է նա։

 

 

 

ՎԵՃ՝ ԱԶԴԱՆՇԱՆԻ ՀԱՄԱՐ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 00։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «գլխի վնասվածք, ձախ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 41 խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոշուկայի մոտ դանակահարության հետեւանքով։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երեւանի բնակիչ 31-ամյա Գոռ Գ.-ն է։ Պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Դաշտենցի եւ Նուբարաշենի փողոցների խաչմերուկում միմյանց ձայնային ազդանշան տալու համար վիճաբանություն է առաջացել Գոռ Գ.-ի եւ դեռեւս չպարզված անհայտ ավտոմեքենայի վարորդի միջեւ, որի ժամանակ անհայտ անձը հարվածներ է հասցրել Գոռ Գ.-ի գլխին, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել Գոռ Գ.-ի ձախ ազդրի կողմնային հետին մակերեսին եւ սրունքի հետին մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 




Լրահոս