ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը պարզեցնելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը։ Գործող օրենսդրությամբ եթե քաղաքացին նոտարի միջոցով վավերացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման, փոփոխման կամ ծագման գործարքը, ապա այդ գործարքից առաջացած իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելու հարցը որոշվում է գործարքի կողմերի ցանկությամբ։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանա, ապա նոտարը կարող է իր անունից դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե, սակայն եթե չցանկանա, ապա պետք է ինքնուրույն դիմի Կոմիտե՝ գործարքը գրանցելու համար։

 

Այս համակարգը որոշ խնդիրներ է առաջացրել, մասնավորապես՝ գործարքների գրանցման ձգձգում, երբ քաղաքացիները չեն դիմում Կադաստրի կոմիտե՝ իրենց իրավունքները գրանցելու համար, լրացուցիչ ժամանակատար եւ բյուրոկրատական գործընթաց, երբ գործարքի կողմը ստիպված է առանձին դիմում ներկայացնել եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, լրացուցիչ վճարների առկայություն, երբ քաղաքացիները որոշ դեպքերում չեն դիմում նոտարին այս ծառայության համար, քանի որ այն հավելյալ վճարովի է։ Այս խնդիրները լուծելու նպատակով առաջարկվող փոփոխություններով նոտարը պարտավոր կլինի գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու առանձին պահանջի։

Նոտարներն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման դիմումը Կադաստրի կոմիտե կներկայացնեն պարտադիր կերպով՝ անկախ գործարքի կողմի ցանկությունից։

Ժառանգության իրավունքի վկայագրերի դեպքում նախորդ կարգավորումը կմնա ուժի մեջ, այսինքն՝  նոտարը Կադաստրի կոմիտե կդիմի միայն քաղաքացու պահանջի դեպքում։ Գործընթացն ավելի դյուրին կդառնա, քանի որ քաղաքացիներին այլեւս անհրաժեշտ չի լինի նոտարական վավերացումից հետո առանձին դիմել Կադաստրի կոմիտե։ Նոտարները չեն գանձի հավելյալ 3000 դրամ վճար գործարքի պետական գրանցումը կազմակերպելու համար, քանի որ համապատասխան ենթաօրենսդրական ակտով նախատեսվում է վերացնել այս սակագինը։

Ակնկալվում է, որ կկրճատվի գործարքների գրանցման գործընթացի ժամանակը, գործարքի վավերացումից հետո գրանցումը կկատարվի ավտոմատ կերպով, առանց հավելյալ միջամտության, կբարձրանա անշարժ գույքի գործարքների իրավական պաշտպանվածությունը, քանի որ գործարքից ծագող իրավունքներն անհապաղ կգրանցվեն, կխուսափենք իրավական բարդություններից, որոնք կարող են առաջանալ, երբ քաղաքացին չի գրանցում իր իրավունքը եւ հետագայում բախվում է սեփականության խնդիրների, բյուրոկրատիան կնվազի, քանի որ գործընթացն ամբողջությամբ կկազմակերպվի մեկ տեղում՝ նոտարի կողմից։

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, վերահսկողություն են իրականացրել «Մարմարին» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երեւան, Հ. Հակոբյան փողոց): Պարզվել է, որ քաղաքացու ահազանգը ժամանակին եւ արդարացված էր. արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, այն է՝ կառույցի պատերի մակերեւույթները հնարավոր չէ լվանալ եւ անհրաժեշտության դեպքում ախտահանել. ունի վերանորոգման կարիք, սանհանգույցի դուռը բացվում էր արտադրական տարածքի մեջ:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Երեւանում փետրվարի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մարզերում փետրվարի 5-ին՝ ուշ երեկոյան ժամերին, եւ առանձին շրջաններում փետրվարի 6-9-ին  սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին կդիտվի առանց տեղումների եղանակ:

 

 

 

 

 

 

 




Լրահոս