![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/7-MANKAVARJ.jpg)
ՀՀ կառավարությունը նախատեսում է ներդնել մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման գործընթաց, որը նրանց կտա հավելավճարի իրավունք՝ մասնագիտական որակավորման հիման վրա։ ՀՀ կառավարությունը նախատեսում է կարգավորել ատեստավորման պայմանները, պահանջները եւ դրա արդյունքում վճարվող հավելավճարների տրամադրման սկզբունքները։
Ատեստավորման գործընթացը կամավոր է լինելու՝ հնարավորություն տալով մասնագետներին իրենց գիտելիքները, հմտությունները եւ որակավորումը գնահատել պետականորեն ճանաչված չափանիշներով։ Ատեստավորումը կսկսվի 2025 թվականից՝ նախ հոգեբանի ծառայություններ մատուցող մասնագետների համար, իսկ 2026-ից կմեկնարկի հատուկ մանկավարժների ատեստավորումը։
Ատեստավորման արդյունքներով մասնագետները կստանան հավելավճար, ինչը նպաստելու է նրանց մասնագիտական զարգացմանը եւ աշխատանքի գրավչության բարձրացմանը։
Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրականացումը՝ ներառական կրթական համակարգի միջոցով։ Այդ համակարգի առանցքային մասն են մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները, որոնց որակավորումը բարելավելու համար ներդրվում է ատեստավորման գործընթացը։
ՏՄԱԿ-ների (Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ) մասնագետները երկար տարիներ բախվել են ցածր աշխատավարձերի եւ ոլորտի անբավարար գրավչության խնդրին։ Ատեստավորման ներդրման արդյունքում պետությունը հնարավորություն կունենա որակավորված մասնագետներին հավելավճար տրամադրել։ Կամավոր ատեստավորման շնորհիվ մասնագետները հնարավորություն կունենան վերապատրաստվել, բարելավել իրենց մասնագիտական կարողությունները եւ ավելի որակյալ ծառայություններ մատուցել կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաներին։
Ավելի բարձր աշխատավարձերն ու մասնագիտական զարգացման հնարավորությունները թույլ կտան ոլորտում ներգրավել ավելի որակյալ մասնագետների՝ խթանելով կրթական ծառայությունների որակի բարելավումը։
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կրթության ներառականության եւ մատչելիության մակարդակի բարձրացում՝ ՏՄԱԿ-ների աշխատանքի արդյունավետության աճի հաշվին, մանկավարժահոգեբանական աջակցության որակի բարձրացում, քանի որ մասնագետների պատրաստվածությունը պարբերաբար կգնահատվի, աշխատավարձերի ավելացում, ինչը կբարձրացնի ոլորտի գրավչությունը, կրթական միջավայրի բարելավում, ինչը կօգնի սովորողներին ստանալ առավել որակյալ աջակցություն։
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱ ՐԱՆՈՒՄ
Մոսկվայի հայկական թանգարանում ականավոր նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցին նվիրված դասախոսություն է կազմակերպվել: Բանախոսը Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի եւ Հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտի դասախոս, Մոսկվայի նկարիչների միության անդամ Անդրեյ Նովոժիլովն էր: «Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում» խորագրով դասախոսության ընթացքում Նովոժիլովն անդրադարձել է հայ անվանի գեղանկարչի ստեղծագործական առանձանհատկություններին՝ հատկապես ընդգծելով դրանցում առկա գրաֆիկական արվեստի բարձր մակարդակը:
«Սուրենյանցի արվեստի ամենաբնորոշ ու հետաքրքիր գծերից մեկն այն է, որ դրանք ներծծված են այն ամեն նորով, ինչը նա տեսել ու ընկալել է աշխարհի ամենատարբեր անկյուններում գտնվելով։ Եվ հաճախ նրա ուսումնասիրության թեման միջնադարյան մինիատյուրաներն էին։ Նրա կտավները հարուստ են զարդանախշերով, որոնք ցուցադրում են նկարչի նուրբ, հմայիչ աշխարհը: Դրանք պատկերներ ու սյուժեներ են պատմությունից ու դիցաբանությունից, որոնք միահյուսված են հեղինակի տեսլականին։ Նա հմտորեն կարողացել է համատեղել ավանդականն ու մոդեռնիստականը՝ տեսողական տարբեր արտահայտչամիջոցներով ստանալով ինքնատիպ եւ հրապուրիչ պատկերներ»,- նշել է բանախոսը:
ԲՐԵԴ ՓԻԹԸ ԴԻՄԵԼ Է ՋՈԼԻԻՆ
Բրեդ Փիթը դրամատիկ քայլեր է անում՝ ցանկանալով վերադառնալ կամակոր որդու՝ Փաքսի կյանք… քանի դեռ ուշ չէ, գրում է RadarOnline.com-ը։ Նա դիմել է նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, որպեսզի վերջինս թույլ տա, որ ինքը կայուն մասնակցություն ունենա տղայի կյանքին այն բանից հետո, երբ 21-ամյա երիտասարդը հերթական անգամ ավտովթարի է ենթարկվել: «Դեկտեմբերին նրանք վերջապես հասան ամուսնալուծության՝ վերջ դնելով ութ տարվա դաժան դատավարությանը, եւ այժմ Բրեդը ցանկանում է վերադառնալ իրենց երեխաների կյանք: Նա հուսահատորեն անհանգստացած է Փաքսի համար: Նա դիմել է Անջելինային, որովհետեւ զգում է, որ կարիք ունի կայուն ազդեցություն ունենալ տղայի կյանքում: Նա անհանգստանում է, որ ինքն իրեն կսպանի ինչ-որ նոր վթարից: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Փաքսը էլեկտրական հեծանիվով հերթական անգամ վթարի էր ենթարկվել: Հաղորդվում է, որ 61-ամյա դերասանը օտարվել է Փաքսից եւ իր ու Ջոլիի մյուս հինգ երեխաներից՝ 2016 թվականին դերասանուհուց բաժանվելուց հետո: