ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԱՀԿ-ԻՆ, ԻՍԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՏԱՃՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհը խառնված է, գծվում են նոր կանոններ, իսկ Հայաստանի Կառավարությունը, այս դեպքում՝ ի դեմս առողջապահության ոլորտի, խոր թմբիրի մեջ է:

Փակվեց ամենախոշոր դոնոր հանդիսացող USAID-ն, քանի որ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության պետ Իլոն Մասկը հայտարարեց. «Գիտեք, USAID-ն ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ` «ՔՈՎԻԴ 19»-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ հետեւելով անցյալ ամիս նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանին՝ Միացյալ Նահանգները դուրս բերել Առողջապահական համաշխարհային խմբից:

Չինաստանն էլ իր հերթին է ազդարարել, որ կարող է դեմ լինել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ազգային անդամավճարների ծրագրված բարձրացմանը: Կարճ ասած՝ աշխարհը սկսել է մերժել ԱՀԿ-ին, իսկ Հայաստանը դեռ շարունակում է մնալ այդ կազմակերպության անդամ, ավելին՝ ակտիվորեն այնտեղից ինչ-ինչ ծրագրեր ու ապրանքներ է ստանում, դա էլ դեռ ամենը չէ. այդ կառույցի հետ սերտ համագործակցած (գուցե համագործակցող) Արսեն Թորոսյանին Նիկոլ Փաշինյանն իր հետ ԱՄՆ է տարել ՀՀ պետբյուջեի հաշվին: Արսեն Թորոսյանի հովանավորյալ փոխնախարար Լենա Նանուշյանը, ըստ նախարարությունում տարածված կարծիքի, շարունակում է ջանքերը՝ Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու եւ նրա տեղը զբաղեցնելու ուղղությամբ:

ՀՀ իշխանությունները շարունակում են մնալ ոչ ճկուն ու չեն ֆիքսում փոփոխության քամիների ուղղությունները, ինչը շատ արագ անում են հատկապես «հարեւանները», դրանով իսկ միշտ ստանում են հարաբերական առավելություն մեր նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանի թիմում չեն հասկանում, որ Միացյալ Նահանգներում փոխվում են նարատիվները:

Դե իսկ «Քովիդի» առնչությամբ քրեական եւ մյուս վարույթները տեղում դոփում են: Իրավապահ համակարգը պարտվում է քաղաքական իշխանությանը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի:

 

 

 

 

 

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը կլոր տարին զբաղված է թիմում խարդավանքներ հյուսելով, իր թիմակիցներին վարկաբեկելով, հիմա փորձում է պարզերես անել իրեն ու, ինչպես թիմակիցներն են բնութագրում, լրիվ այլ մարդ երեւալ: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ թիմակիցներին պիտակավորելու, վարկաբեկելու, մեկին կաշառակերության համար մեղադրելու, մյուսին էլ «դեղ ցրող» պիտակավորելու համար ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին որոշել են պատժել՝ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելով: Հարցը այն կարեւորությունն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին «բերման» է ենթարկել ՔՊ վարչություն ու ստիպել ներողություն խնդրել պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանից, որոնց Քոչարյանը վատաբանել էր՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով՝ «գործարարի դեղ ցրողներ»: Հիմա իր՝ մազից կախված պաշտոնը փրկելու համար Անդրանիկ Քոչարյանը փորձում է սիրաշահել բոլորին, վերականգնել հարաբերությունները թիմակիցների հետ, անգամ նրանց իր սենյակ է կանչում, զրուցում, որպեսզի ցույց տա, թե իր մասին թյուր կարծիք են ձեւավորել, իսկ իրականում ինքն ամենեւին «խառնակիչ» չէ, ինչպես բնորոշում են իրեն թիմում: Չնայած Քոչարյանի ջանքերին՝ ՔՊ-ականները պատմում են, որ ամենեւին էլ չեն հավատում նրան. Անդրանիկ Քոչարյանը նույնն է ու փոխվողը չէ: Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, ինչ Քոչարյանը հրապարակավ ներողություն է խնդրել Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից, Քոչարյանից վիրավորված մյուս ՔՊ-ականները եւս դիմել են Փաշինյանին ու ասել՝ իրենք եւս սպասում են ներողության:

 

 

 

 

 

Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ

 

Թեեւ վարչապետի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր ծառայող կառավարական առանձնատներն ունեն հատուկ խոհարարներ, սպասավորներ, այգեպաններ, թիկնապահներ եւ այլն, բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իր տիկինն է օրվա տոլման փաթաթում, ինքն էլ հետամանորյա ձվածեղն է պատրաստում: Իսկ թե պետբյուջեից որքան գումար է ծախսվում Փաշինյանի եւ մյուսների ապրուստի վրա, պետական լուրջ գաղտնիք են համարում գործադիրում:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.

1) Որքա՞ն գումար է հատկացվում Կառավարական առանձնատների՝ 2025 թվականի սպասարկման համար։

2) Ներկայացնել հատկացման բացվածքը՝ համապատասխանաբար տրամադրելով հաստիքացուցակը եւ, ըստ հաստիքի աշխատանքի, վարձատրության չափը (հաստիքը զբաղեցնող անձանց անձնական տվյալները հարկավոր չեն)։

Պատասխանել են կիսատ ու ոչինչ չասող:

Առաջին հարցի պատասխանը թերեւս հստակ է՝ 2025 թվականին դրամաշնորհային անվանումով հատկացվել է 621 մլն 340 հազար դրամ՝ գրեթե 1 մլն 561 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը 2022 թվականի համեմատ 150 մլն դրամով ավելի է: Թերեւս այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը չմրսի Կառավարական ամառանոցում, ինչպես դժգոհում էր ուղիղ եթերում:

Երկրորդ հարցին ի պատասխան՝ ասվում էր հետեւյալը. «Դրամաշնորհի տեսքով հատկացված գումարը ուղղվում է գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահագործմանը, սպասարկմանը, որի բացվածքը ուղղակի եւ անուղղակի կերպով ենթադրում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության վերաբերյալ տեղեկատվություն, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք։ Միաժամանակ «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հարցման պատասխանում։

Կարճ ասած՝ Կառավարական առանձնատան աշխատակազմի հաստիքացուցակը պետական նշանակության գաղտնիք է, ինչպես, օրինակ, զինված ուժերի թիվը։

Հետաքրքիր է, եթե ներկայում իշխանություն դարձած նախկին լրագրողները նման պատասխան ստանային նախկիններից, ինչպիսի՞ արձագանք կտային: Իսկ Փաշինյանն այսքանից հետո փորձում է ձվածեղ պատրաստելով ցույց տալ, թե ժողովրդավար ու թափանցիկ է:

 

 

 

 

 

Համընդհանուր hայտարարագրումը ոսկոր է դարձել, ոչ միայն իշխանության, այլ նաեւ հանրության կոկորդին։ Քաղաքացիները ֆինանսական միջոցները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել։

Կառավարությունը պարտադրողական թեզեր է «կերակրում» լսարանին, իսկ լսարանը բողոքում եւ բոյկոտում է։ Սրան ի պատասխան, փոխարենը հայտարարագրումը դադարեցնելուն, իշխանությունը «գայթակղիչ» առաջարկներ է անում. օրինակ՝ «Հայտարարագրեք ձեր երեխայի ուսման համար վճարված գումարը, եւ դրա փոխարեն կվերադարձվի 100 հազար դրամ»։

Իսկ հայտարարագիր չլրացնելու դեպքում՝ ամեն բան այդքան էլ սարսափելի չէ։ Հայտարարագրում առկա թերի տվյալների համար անձը կարող է այն լրացնել 2-րդ անգամ։

Անձին եւս մեկ շանս տալիս է Պետական եկամուտների կոմիտեն շտկման համար։

3-րդ դեպքում քաղաքացիներին կտրվի նախազգուշացում։

4-րդ դեպքում, շտկումները չուղղելուց հետո, քաղաքացին տուգանվում է 5.000 դրամ, իսկ 1 մլրդ համախառն ներքին արդյունք հայտարարագրած անձանց դեպքում տուգանքը 50 հազար դրամ կկազմի։

700 հազար հայտարարատու անձից մինչ այժմ լրացրել է 4 հազար 400 մարդ, իսկ մյուսները նախընտրում են տուգանվել 5.000 դրամ եւ այլեւս չլրացնել հայտարարագիր։

Իշխանության «սպառնալիքն» էլ մեկն է՝ այդ դեպքում կզրկվեք 100 հազար դրամ սոցիալական հետվճարից։

Քաղաքացիները կողմ են զրկվել 100 հազար դրամից, տուգանվել 5.000 դրամ եւ չհայտարարագրել ոչ մի լումա։

Եվ սա կհանգեցնի կանխիկի շրջանառության աճին:

 




Լրահոս