
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրում չեն. միաժամանակ մեկնել են գործուղման։ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 3-7-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այցի շրջանակներում Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Նախատեսված են նաեւ մի շարք այլ հանդիպումներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմն էլ մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ՝ Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։
Ազգային ժողովի պաշտոնական աղբյուրներից պարզեցինք, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ը պաշտոնական այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 6-8-ը կլինի Բրյուսելում։
ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից, մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը: Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար եւ խորհրդական՝ արդուկի գծով Աշխեն Հայրապետյանը։ Իսկ երբ երկրի առաջին եւ երկրորդ դեմքերը երկրում չեն, ո՞վ է այս պարագայում ՀՀ պատասխանատուն, ո՞ւմ վրա են դրված պարտականությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի վերաբերյալ զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։
-Պարո՛ն Պողոսյան, երկրի առաջին եւ երկրորդ դեմքերը՝ վարչապետն ու ԱԺ նախագահը, երկրում չեն, մեկնել են գործուղման։ Այս դեպքում ո՞վ պետք է կատարի ղեկավարի պարտականությունները, անհրաժեշտության դեպքում ո՞վ է իրավասու վճռորոշ որոշումներ կայացնել։
-Վարչապետի պարագայում կա առաջին փոխվարչապետ, ԱԺ նախագահն էլ տեղակալներ ունի։ Այսինքն՝ սահմանադրականության հարց այստեղ չկա, իրավական առումով էլ չկա խոչընդոտ։ Եթե հանկարծ երկրում վատ իրադարձություն է տեղի ունենում, պետք է գործադիրը արձագանքի: Հիմա, եթե վարչապետը չկա՝ փախել է, դրսում է կամ արձակուրդում է, իրեն փոխարինող անձ կա՝ փոխվարչապետը:
-Այս պարագայում՝ Մհեր Գրիգորյանը։
-Այո։ Իսկ Ազգային ժողովի նախագահը պատգամավոր է, որը պրոտոկոլային առումով ներկայացնում է ամբողջ Ազգային ժողովը, եւ նրա գործառույթները բացառապես օրենսդրական գործառույթների են վերաբերում, ուրիշ ոչինչ։
-Իսկ եթե ստեղծվի իրավիճակ, երբ անհրաժեշտություն առաջանա երկրում արտակարգ դրություն մտցնել, ո՞վ պետք է այդ որոշումը կայացնի, ո՞վ է պատասխանատու:
-Կառավարությունն է արտակարգ դրություն հայտարարում. կառավարության նիստ պետք է հրավիրվի, որոշում ընդունեն, ուղարկեն Ազգային ժողով, ԱԺ-ն էլ, եթե չի վերացնում որոշումը, ապա արտակարգ դրությունը պահպանվում է։
Կառավարության նիստը պետք է ղեկավարի փոխվարչապետը։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ Է ՀԱՍՑՐԵԼ
4- տարի է` իշխանությունը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք եւ ճիշտը հանձնվելն է։ Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է, որ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է: 4-5 տարի է` իշխանությունը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք եւ ճիշտը հանձնվելն ու թշնամիների գթասրտությունն ակնկալելն է: Ներկայիս փուլը քննաշրջան է քաղաքացու համար, որովհետեւ եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի եւ ընկածի կարգավիճակում են, ապա նոր պարտությունները երաշխավորված են», – նշել է նա։