ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն սպառնում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ անցած դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով, որը 38 մարդու մահվան պատճառ էր դարձել։

 

Ադրբեջանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները պնդում են՝ Բաքուն դժգոհ է, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ օրս չի ընդունել իր մեղսակցությունը եւ չի կատարել նախագահ Ալիեւի պահանջները՝ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասները։

«Ադրբեջանի տրամադրության տակ են «Պանցիր-Ս» տիպի հրթիռի բեկորներ, որով եւ ռուսները հարվածել են ինքնաթիռին», – երեկ, հղում անելով կառավարական աղբյուրներին, հաղորդել է Reuters-ը:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտնել է.  «Մենք անգամ գիտենք՝ ով է կրակել, ով է հրաման տվել, ով է սեղմել ձգանը։ Եվ ուզում ենք, որ նրանք ասեն՝ այո, պատահարը տեղի է ունեցել կոնկրետ անձանց մեղքով, որոնք պարտավոր էին ժամանակին նախազգուշացնել, որ Գրոզնիի օդանավակայանը փակ է քաղաքացիական ինքնաթիռների համար՝ ուղղորդելով անձնակազմին վայրէջքի փորձ անելու փոխարեն վերադառնալ»։

«Թուրան»-ն իր հերթին փաստում է, որ մարդատար ինքնաթիռի կործանմանը զուգահեռ եւ ոչ պակաս Բաքվին մտահոգում է այլ հանգամանք՝ աղետի օրը ոչ միայն AZAL ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, այլեւ Ադրբեջանի նախագահական օդանավն է Ռուսաստանի տարածքում տեխնիկական խնդիրներ ունեցել։ Այդ մասին գործակալությունը հաղորդել էր դեռ հունվարին, դրանից հետո ավելի քան մեկ ամիս Ադրբեջանի իշխանությունները չէին հերքում, բայց եւ չէին հաստատում այս մասին հաղորդումները։ Երեկ, սակայն, «Թուրան»-ը հաղորդեց, թե «Թվային զարգացման ու տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ Իլհամ Ալիեւի պաշտոնական ինքնաթիռը՝ «Բաքու-1»-ը, արտաքին տեխնիկական խոչընդոտների է բախվել դեպի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ գագաթնաժողովի ճանապարհին»։

Այդ օրը պաշտոնապես հաղորդվել էր, որ Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգի ճանապարհից ետ է դարձել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության պատճառով։ «Թուրան»-ը, սակայն, հղում անելով Ադրբեջանի կառավարության զեկույցին՝ նշում է. «նախագահական ինքնաթիռն անսպասելի լքել է Ռուսաստանի օդային տարածքն ու վերադարձել Բաքու՝ չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով»։

«Դեկտեմբերի 25-ի իրադարձություններն Ադրբեջանում շահարկումների տեղիք են տվել՝ դրանց ետեւում թաքնված իրական մտադրությունների շուրջ», – գրում է «Թուրան»-ը՝ մանրամասնելով. – «Թեեւ պաշտոնապես որեւէ մեղադրանք Մոսկվային չի առաջադրվել, սակայն GPS համակարգի խափանումները, հատկապես՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային տարածքում, մտահոգություններ են առաջ բերել միտումնավոր միջամտության վերաբերյալ։ Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ միջադեպերը կարող են առավել լայն աշխարհաքաղաքական մանեւրների մաս լինել՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ վերջին լարվածությունը տարածաշրջանային հարցերում»։

Ադրբեջանական APA-ն իր հերթին երեկ հաղորդել էր՝ «Մոսկվան պետք է ընդունի իր մեղքը, հակառակ դեպքում Բաքուն կդիմի հաջորդ քայլերին»։ Այսօր արդեն հաղորդվեց՝ պաշտոնական Բաքուն պահանջել է դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը Ադրբեջանում։ Արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ այդ մասին պաշտոնական նոտան Մոսկվա է ուղարկվել երեք օր առաջ, դրանում, մասնավորապես, ասվում է. «Նման կազմակերպությունների աշխատանքը Ադրբեջանում կարգավորվում է ազգային օրեսդրությամբ, երկրների միջեւ փոխադարձության սկզբունքով եւ երկկողմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Մինչդեռ «Ռուսաստանի տունը» չի գրանցվել որպես իրավաբանական անձ, ինչով լրջորեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը։ Ռուսական կողմից ակնկալում ենք համապատասխան միջոցներ այս ուղղությամբ»։

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Շիրակի մարզում երեկ կրկին բողոքի ակցիա էր. մսավաճառները եւ մարզի համայնքների բնակիչները կրկին հավաքվել են մարզպետարանի մոտ՝ պահանջելով լուծում տալ սպանդանոցների հարցին։ Բանն այն է, որ մսավաճառներից պահանջում են մորթն անել սպանդանոցներում, մինչդեռ մարզում սպանդանոցներ չկան։ Արդյունքում՝ արդեն տասնյակ մսավաճառներ տուգանվել են: Մասնակիցների խոսքով՝ բողոքի ակցիային մասնակցում են գրեթե բոլոր համայնքների բնակիչները, քանի որ խնդիրը բոլորին վերաբերում է։ Հիշեցնենք որ փետրվարի 3-ին մսավաճառները եւս բողոքի ակցիայի ժամանակ հանդիպել էին մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի հետ։ Նա գյուղացիներին ասել էր, որ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ նախատեսված սպանդանոցների փոխարեն կարող են կառուցել սպանդանոցային կետեր, իսկ սրանք ավելի մատչելի կլինեն գյուղացիների համար։

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է

Հայաստանում հարկերը եւ տուրքերը չեն ավելացել։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ բիզնեսի շահութահարկը կրճատվել է, 780 հազար մարդու վճարած եկամտահարկը 25 տոկոսից իջել է 20-ի (այստեղ նա չի նշել, որ այդ 5 տոկոսը սկսել է գնալ կենսաթոշակային հիմնադրամներին այն բանից հետո, երբ իշխող ուժը չի կատարել խոստումները մինչեւ «թավշյա հեղափոխությունը» եւ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը – խմբ)։

«Թափանցիկ գործունեություն իրականացնող ընկերությունների համար հարկերը նվազում են», – վստահեցրել է նա։

Պապոյանը համոզմունք է հայտնել, որ այսօր Հայաստանում միջին աշխատավարձը մոտենում է 300 հազար դրամին։

 

 

11 ՀՈԳԻ

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է նախօրեին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին, մեղադրանք է ներկայացվել 11 անձի։ Քրեական վարույթն առնչվում է կաշառք տալուն, ստանալուն։

11 մեղադրյալներից 4-, այդ թվում` քաղաքապետարանի երկու պաշտոնյաների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Մնացածի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներ։




Լրահոս