Լիբանանահայ քաղաքական ուժերը հերքում են Քեսաբ զինյալներ ուղարկելու մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանահայ համայնքի ավանդական երեք կուսակցությունները՝ Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել վերջին օրերի ընթացքում Քեսաբի և քեսաբահայության հարցով ապատեղեկատվության տարածման կապակցությամբ, փոխանցում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ապատեղեկատվության հոսքը մեծ թափ է ստացել, ինչի արդյունքում անհիմն և սխալ լուրեր են շրջանառության մեջ դրվում տարբեր լրատվամիջոցների կողմից։

«Վերջին՝ իրականությանը չհամապատասխանող լուրն այն է, թե Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Լիբանանից 1.500 հայ զինյալներ հասել են Տարտուս նավահանգիստ, որպեսզի այնտեղից մեկնեն Քեսաբ։  Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցություններն ամբողջությամբ հերքում են այս ապատեղեկատվությունը, որը կարող է վնասաբեր հետևանքներ ունենալ»,- ասված է հայտարարության մեջ։

Կուսակցությունները վերահաստատում են տեղական և շրջանային հարցերում հայության որդեգրած վարքագիծը՝ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։

Լիբանանահայ քաղաքական կուսակցությունները բոլոր լրատվամիջոցներին կոչ են անում միայն ստույգ և իրականությանը համապատասխանող լուրեր տարածել՝ մերժելով անհիմն և հորինված նյութերը։

«Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը, հասկանալով հայության քաղաքական վարքագիծը, չի հավատա նման սուտ լուրերի և որևէ ձևով չի նպաստի ապատեղեկատվության տարածմանը»,-ասված է երեք ուժերի տարածած հայտարարության մեջ։




Լրահոս