Կառավարությունը հավանություն է տվել ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը եւ ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ուսուցիչների տարակարգի տրամադրման բաղադրիչին։
Հարցի զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, նշել է, որ Կառավարության ծրագրի եւ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարեւոր առանձնահատկություններից է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումը եւ ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը։
«Միայն 2024 թվականին, բացի ուսուցիչների աշխատավարձից, պետական բյուջեի շրջանակներում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է, եւ պետք է ուրախությամբ նշեմ, որ 4 տարվա կամավոր ատեստավորման արդյունքում մենք արդեն ունենք 6100-ից ավելի ուսուցիչներ կամ մեր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, որոնք օգտվել են ծրագրից եւ արդեն իսկ ստանում են բարձր աշխատավարձ։ Կարեւոր է, որ այս ծրագրի շրջանակներում նաեւ 2023-2024 թվականների ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն են ստացել շարունակել իրենց աշխատանքը։ Պետք է հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում», – ասել է նախախարը։
Վերջինիս խոսքով՝ այս ուղղությամբ ՀՀ կառավարության հաջորդ կարեւոր ծրագիրը տարակարգի ծրագիրն է. «Նախորդ տարի 285 ուսուցիչ ստացել է տարակարգ՝ նախորդ տարվա ցուցանիշը լավարկելով շուրջ 2,8 անգամ եւ արդյունքում նաեւ լրացնելով իր վարձատրությունը եւս 10-50 տոկոս հավելավճարով։ Ներկայում տարակարգ ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»։
Նախարարը շեշտել է, որ ուսուցիչների մասնագիտության գրավչությանն ուղղված Կառավարության մյուս ծրագիրը բնագիտական առարկաների եւ ՏՏ ոլորտի ուսուցիչների համար 25 տոկոսի հավելավճարի ծրագիրն է, որի շահառու է 8200 ուսուցիչ եւ այդ ուսուցիչները, անկախ իրենց վարձատրության մյուս միջոցներից, ստանում են 25 տոկոս հավելավճար։ «Այս համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 թվականների ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտական գրավչությանն ուղղված մեր ծրագրերն աշխատում են»,- նկատեց Անդրեասյանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում է։
Ժաննա Անդրեասյանի բնորոշմամբ՝ այս տրամաբանությամբ են նաեւ առաջարկվում այս նախագծով նախատեսված փոփոխությունները տարակարգի մեխանիզմում։
«Մեզ համար կարեւորագույն առաջնահերթություն է թվայնացումը, եւ մենք նաեւ այս ուղղությամբ քայլեր իրականացնելով՝ նախատեսում ենք, որ առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը կարեւոր է ինչպես ռեսուրսի խնայողության տեսանկյունից, այնպես էլ կրթության կառավարման տեսանկյունից»,- ասաց նախարարը։
ԹՈՂԱՐԿԵԼ Է ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՔԱՐՏԵՐ
«Ֆասթ» բանկի հաճախորդներին այսուհետեւ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World եւ World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։
World եւ World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ. քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երեւանում, Դուբայում եւ աշխարհի ավելի քան 100 օդանավակայաններում (World-ի քարտապանները՝ 6 անգամ, World Elite-ի քարտապանները՝ անսահմանափակ): World Mastercard-ի քարտապանների հյուրերը նույնպես կարող են օգտվել այդ ծառայությունից։
Աշխարհի ավելի քան 1500 օդանավակայանների սպասասրահները պատրաստ են ընդունել Mastercard-ի քարտապաններին՝ ավելի հարմարավետ դարձնելով նրանց ճանապարհորդությունը։ Ի դեպ, Word Elite-ի քարտապանների համար հասանելի է ճանապարհորդական ամբողջական ապահովագրություն։
Քարտապանները հնարավորություն ունեն ճանապարհորդելիս կապի մեջ մնալ առանց SIM քարտի՝ միանալով Global Data Roaming-ին 15% զեղչով մինչեւ 3 ԳԲ (1 ԳԲ՝ World քարտապանների համար) անվճար ինտերնետով։
Mastercard վճարահաշվարկային համակարգն ունի 800+ առաջարկներ՝ զեղչերի, նվերների տեսքով, սրճարաններից օգտվելու հնարավորություն աշխարհի 650 օդանավակայաններում։ Ի լրումն սրան, գործում է Mastercard ճանապարհորդական պարգեւատրման ծրագիրը, ըստ որի՝ քարտապանները դրամական պարգեւներ (cashback) են ստանում գնումներ կատարելիս: Հարկավոր է ընդամենը գրանցվել Mastercard-ի պաշտոնական կայքէջում եւ տեսնել ընձեռվող հնարավորությունները։ Գործում է նաեւ Priceless.com-ի փորձառությունների հարթակը։
Հավելենք, որ վերոհիշյալ պայմանների մանրամասները ճշտելու կամ ծառայություններն ակտիվացնելու համար քարտապանները ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, կարող են կապ հաստատել իրենց անձնական օգնականի հետ՝ պարզապես զանգահարելով կամ կապ հաստատելով WhatsApp, Viber եւ Telegram սոցիալական ցանցերի միջոցով։ Միջազգային անձնական օգնականի ծառայությունը ներառում է ոչ միայն հարցուպատասխանի ծառայություն, այլեւ պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն եւ այլն։ Անձնական օգնականի ծառայությունը գործում է անգլերեն լեզվով։ «Ֆասթ» բանկի պրեմիում դասի World եւ World Elite քարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ «Ֆասթ» բանկի հավելվածի միջոցով:
«Ֆասթ» բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ «Ֆասթ» բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
























