Armenian text to speach

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԻ, ՍՆՈՈՒԲՈՐԴԻ ՀՈԿԵՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի եւ հոկեյի մրցումների հաղթողները։ Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձեւում ոսկե մեդալը նվաճել է Երեւանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երեւանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երեւանի թիմից Մարկ Ստեփանյանը:

 

Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ծաղկաձորի ներկայացուցիչներ Արուս Եղիզարյանն ու Անի Մանուկյանը: Լավագույն եռյակը եզրափակել է Ալեքսանդրա Մալխասյանը Սոչիից: Կայացել է նաեւ սնոուբորդի հսկա ոլորավայրէջք մրցաձեւի մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 20 տղա եւ երկու աղջիկ:

Տղամարդկանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Նորիկ Թադեւոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կարեն Սաֆարյանը Ծաղկաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Միրզոյանը Վանաձորից: Կանանց պայքարում ոսկե մեդալը նվաճել է Լիլիթ Պետրոսյանը Մոսկվայից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Մելիքյանը Երեւանից:

Համահայկական ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի եւ սնոուբորդի մրցումներին ընդհանուր առմամբ 70 մարզիկ է մասնակցել Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից ու Հայաստանից:

Համահայկական խաղերի ծրագրով անցկացվող հոկեյի մրցումներում եւս հաղթողները հայտնի են: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Դոնի Նախիջեւանի թիմը, որը վերջին՝ երրորդ խաղում 10:6 հաշվով առավելության է հասել Մոնրեալի թիմի նկատմամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երեւանի թիմը, որը վերջին խաղում 10:5 հաշվով հաղթել է Վոլգոգրադի թիմին: Վերջինս բավարարվել է բրոնզե մեդալով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվում են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ եւ սպորտային պարեր մարզաձեւերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկում են 76 մրցավարներ:

 




Լրահոս