ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատ գյուղի հրդեհը պատվիրված էր, որտեղ Եղիշե Հակոբյանն էլ ողջ չպետք է մնար․ Ժաննա Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Եղիշե Հակոբյանի քրոջ՝ Ժաննա Հայրապետյանի հետ։

Հիշեցնենք, որ Եղիշե Հակոբյանը ՀՀ զինված ուժերի կապիտան է, ով մեղադրվում է 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի համար, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։

Ըստ պաշտոնական վարկածի՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի պատճառը, ըստ քննության, եղել է կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը բենզինով թեժացնելու փորձը, ինչի հետևանքով բռնկված կրակը տարածվել է կացարանում՝ առաջացնելով զինծառայողների մահը։

Դեպքից հետո Եղիշե Հակոբյանը կալանավորվել է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։

Զոհված զինծառայողների հարազատները կասկածներ են հայտնել պաշտոնական վարկածի վերաբերյալ՝ պահանջելով ավելի մանրամասն և օբյեկտիվ քննություն։ Նրանք նշել են, որ չեն հավատում, թե զինծառայողները չեն կարողացել դուրս գալ կացարանից, և կասկածներ են հայտնել դեպքի իրական պատճառների վերաբերյալ։

Գործի քննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս