1 ուղևորությունը՝ 100 դրամ․ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծն ավագանու նիստի օրակարգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությունը վաղը կքննարկվի Երևանի ավագանու նիստում։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 15-ը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները ստորագրահավաք մեկնարկեցին՝ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով։

Նախաձեռնության պահանջն էր փաթեթներին զուգահեռ ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս։

Նախագիծն արդեն ներառվել է ավագանու վաղվա՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում։

«Սոցիալական անարդարության մեղմացման, ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների առանց այդ էլ դժվար կացությունը չխորացնելու և հանրային տրանսպորտի գրավչությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել 100 դրամ արժողությամբ մեկանգամյա ուղևորափոխադրման հնարավորությունը` միաժամանակ ուղիներ փնտրելով տրանսպորտային համակարգի ֆինանսավորման և սուբսիդավորման համար, մասնավորապես, ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներից գանձվող տուրքերի հաշվին լրացուցիչ միջոցներ ուղղել տրանսպորտային համակարգի սպասարկմանը՝ նկատի ունենալով, որ որակյալ հանրային ուղևորափոխադրումների կազմակերպումը ազդում է ոչ միայն բուն տրանսպորտից օգտվողների, այլև երթևեկության բլոր մասնակիցների և, ընդհանուր առմամբ, քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա»,- ասված է հիմնավորման մեջ։

Այսօր երեկոյան Ֆինանսավարկային եվ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կանի՝ քննարկելու նախաձեռնությունը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս