Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատնից գողացել են յոթ հեռուստացույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ:

Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, ու ստացվեց տեղեկություն, որ հեռուստացույցների գողությունը կատարել են ստեփանավանցի 24-ամյա երկու երիտասարդ և Սվերդլով գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ` իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով:

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ին 41-ամյա տղամարդը Ստեփանավանի բաժին ներկայացրեց գողացված 6 հեռուստացույց: Յոթերորդ հեռուստացույցի վերաբերյալ նա հայտնել է, թե այն կոտրվել է ու դեն է նետել:

«Ֆորդ» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ ստեփանավանցի երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս