Ժառանգականներն «ընդհատակ» են անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վաղվա հանրահավաքին ընդառաջ` կուսակցության հայտնի ներկայացուցիչները, կարծես թե, «անհետացել են»: Գրեթե բոլորին ուղղված մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Armlur.am լրատվականին հաջողվեց կապ հաստատել միայն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի և կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

Վերջինից էլ փորձեցինք պարզել` Րաֆֆի Հովհաննիսյանի` հանրային հայտարարությամբ հանդես գալն արդյոք «Ժառանգության» հերթական հանրահավաքը չէ:

«Ո՛չ, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը հանդես է գալու հանրային հայտարարությամբ: Ովքեր կուզենան, թող գան լսեն»,- ասաց Խուրշուդյանը:

-Պարո՛ն Խուրշուդյան, Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ից առաջ միացյալ հրապարակի կոչով հանդես եկավ և կոչ արեց քաղաքական ուժերին միանալ  իր հայտարարությանը: Որևէ քաղաքական ուժ մինչ այժմ Հովհաննիսյանի կոչին արձագանքե՞լ է:

-Ճիշտ կլինի սպասել վաղվան: Րաֆֆի Հովհաննիսյանը դրան մանրամասն կանդրադառնա:

-Բայց համաձայնեք, որ, կարծես թե, անտարբերություն ու պասիվություն կա Հովհաննիսյանի կոչին:

-Ամեն դեպքում, ես չեմ ուզում այս պահին գնահատականներ տալ:

«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն էլ մեզ հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի վաղվա հայտարարությունը համարեց անակնկալ, սակայն չի կարծում, թե շատ մեծ նորություններ կլինեն հանրության համար:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հայտարարությունից:

-Սպասելիքներ ունեմ, իհարկե, բայց հիմա ոչինչ չեմ ասի: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությունը կանի, նոր կխոսեմ:

Սոնա Դավթյան




Լրահոս