![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/l-0x0wh-1236x720z-0.6361.jpeg)
2024 թ․ հուլիսի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի նախագահությամբ, էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները։ Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից։ Դատավորին վերագրվել է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք հոդվածներ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել։ Մասնավորապես, դատավորը խնդրել է Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նշված դրույթին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանների գերծանրաբեռնվածությամբ և այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու դատավարական պահանջի խախտումը դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի է և պետք է հանգեցնի լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի կիրառման։
Արթուր Ստեփանյանը վիճարկել է նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հակասահմանադրական մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները:
ԲԴԽ -ի՝ 2024 թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր դատական նիստ, հունիսի 17-ին կայացած դատական նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները։ Դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմանը կողմ են քվեարկել Խորհրդի 5 անդամ՝ Ա․Դանիելյանը, Կ․Թումանյանը, Ե․Թումանյանցը, Հ․Գրիգորյանը, Կ․Անդրեասյանը, 3 անդամ՝ Ա․Աթաբեկյանը, Էդ․Հովհաննիսյանը, Մ․ Համբարձումյանը, հայտնել են հատուկ կարծիք, իսկ մյուս 2 անդամների՝ Ք․Մկոյանի և Վ․Քոչարյանի քվեարկության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Մինչդեռ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար անհրաժեշտ էր Խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն, Խորհրդի անդամների առնվազն 6 ձայն, սակայն դատավորի լիազորությունները դադարեցվել են 5 ձայնով։
Սահմանադրական դատարանում բարձրացվել է նաև Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հակասահմանադրականությունը՝ նկատի ունենալով, որ «դատական իշխանությունը վարկաբեկող», «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ» ձևակերպումներն ընդհանրական են, չեն բավարարում իրավական որոշակիության ու կանխատեսելիության չափանիշներին, և հանգեցնում են կամայականությունների։
Սահմանադրական դատարանը Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Արթուր Ստեփանյանի դիմումն ընդունել է քննության:
Գործի դատաքննությունը կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, այն անցկացվելու է գրավոր ընթացակարգով, իսկ պատասխանող կողմ ներգրավվել է Ազգային ժողովը: