![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/BeFunky-collage-36-1536x1071-1.webp)
Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակվել է 2024թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվի (այսուհետ՝ ԿԸ համաթիվ) արդյունքները: ԿԸ համաթիվը դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:
Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր: 180 երկիր ներառող ԿԸ համաթվի դասակարգման աղյուսակում Հայաստանը 63-րդ տեղում է:
Հայաստանի ԿԸ համաթվի արժեքը 2024 թվականին (47) ավելի բարձր է ԿԸ համաթվի համաշխարհային միջին արժեքից (43), որը տարիներ շարունակ անփոփոխ է մնում:
Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության զեկույցի՝ https://surl.li/oyzvdm, կոռուպցիան դեռևս վտանգավոր խնդիր է աշխարհի բոլոր տարածքներում, սակայն բազմաթիվ երկրներում տեղի են ունենում դրական փոփոխություններ: 2012 թվականից ի վեր 32 երկիր էականորեն նվազեցրել է կոռուպցիայի մակարդակը, մինչդեռ նույն ժամանակահատվածում 148 երկիր մնացել է անփոփոխ, կամ ավելի է վատթարացել ԿԸ համաթվի ցուցանիշը։
Նշենք, որ Կոռուպցիայի ընկալման համաթիվը աշխարհում կոռուպցիայի ամենաշատ օգտագործվող գլոբալ վարկանիշային ցուցանիշն է։ Այն չափում է, թե որքան կոռումպացված է համարվում յուրաքանչյուր երկրի պետական հատվածը՝ ըստ փորձագետների և գործարարների գնահատման։ ԿԸ համաթվի հաշվարկման գործընթացը պարբերաբար վերանայվում է՝ այն առավել կայուն և հետևողական դարձնելու նպատակով։ Վերջին անգամ վերանայումը իրականացվել է 2017 թվականին՝ Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից։ 2012 թվականից հետո ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են այլ տարվա գնահատականների հետ։