![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/BKvsGQnXOmBOJdhBeIbvw9VITEqd6jZwOWLX4QdF.jpg)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) գլխավոր տեսուչ Փոլ Մարտինին ազատել է աշխատանքից. այս որոշումից առաջ նրա վարչությունը քննադատական զեկույց էր հրապարակել նախագահական վարչակազմի հասցեին: Այդ մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման մասին ծանուցող նամակը։
«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, որ ձեր պաշտոնը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչ, վերացվել է», – ասվում է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է նախագահի կադրերի վարչության փոխտնօրեն Թրենթ Մուրի կողմից։
Ըստ նամակի տեքստի՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։
Փետրվարի 10-ին ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչի գրասենյակը հաշվետվություն էր հրապարակել, որտեղ ներկայացվել են USAID-ի նկատմամբ ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի գործողությունների բացասական հետևանքները։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում էր այն սպառնալիքների մասին, որոնք կապված են անձնակազմի կրճատման և վերահսկողության բացակայության հետ, ինչպես նաև անորոշության մասին՝ ԱՄՆ-ի կողմից արտաքին օգնությունը դադարեցնելու պատճառով:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստվում է գործակալությունը «վերևից ներքև» ստուգել՝ պարզելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է գործող վարչակազմի միջազգային քաղաքականությանը, քանի որ USAID-ն իր միջոցները ծախսել է «ի վնաս» Միացյալ Նահանգների: Նրա խոսքով՝ վերագնահատումից հետո առանձին դեպքերում օգնությունը կսառեցվի կամ կավելացվի։
ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր անձնակազմն ամբողջ աշխարհում վարչական արձակուրդի կուղարկվի մի շարք բացառություններով: CBS հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրների, ավելի վաղ հաղորդել էր, որ USAID-ի արտասահմանյան բոլոր ներկայացուցչություններին կարգադրվել է փակվել, իսկ նրանց ողջ անձնակազմը հետ կկանչվի: