Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալը մանկապարտեզի շինթույլտվությունը կեսից դադարեցրել է․ պատմության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում արշալույսները խաղաղ չեն: Պարզվում է՝ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը կարողացել է այնպես անել, որ մի ընկերության կողմից իրականացվող մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիրը միակողմանի չեղարկվի:

Իսկ ինչպես է սկսվել պատմությունը

Եվ ասպես, ArmLur.am-ին քաղաքացի Վահագն Ղալումյանը պատմել է, որ իր եւ կնոջ կողմից ղեկավարած «Տուրիստա» ընկերությունը որպես շինարարական ընկերություն «տենդեր» է շահել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կառուցելու թիվ 2 մանկապարտեզը։

«2023 թվականի մարտի 14-ից սկսել եմ մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Ժամկետը 2 անգամ հետաձգվել է, բայց վերջնականը պետք է 2024 թվականի նոյեմբերի 1-ին կառավարության որոշմամբ ավարտվեր, իսկ դրանից հետո մեկ անգամ ևս բոլոր սուբվենցիոն ծրագրերը հետաձգել են մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը»,- ArmLur.am-ին պատմել է Վահագն Ղալումյանը։

Ղալումյանի խոսքով՝ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը լարված է եղել իր դեմ, քանի որ ըստ իր տեղեկությունների, Հովհաննիսյանը վաղուց նպատակ է ունեցել, որ այդ մանկապարտեզի կառուցումն իրականացնեն իր ծանոթները:

«Բոլորն ինձ զգուշացնում էին, որ քո հետ լարված ա, ասում էր՝ Վահագից գործը վերցնում ենք, ես անձամբ իրենց էլ ասել եմ, որ նման բան չկա, սուտ եք ասում, բայց պարզվեց՝ սուտ չէին ասում։ Կոնկրետ չեմ կարող ասել, թե լարվածությունն ինչից սկսվեց, բայց արդեն պարզ էր, որ ընկած են իմ հետևից։ Ամեն օր 5 անգամ իրանց գործերը թողած գալիս էին ու աշխատողներին ստուգում էին։ Տեսուչ Սարգիսն ամեն օր գործի գնալուց գալիս էր, աշխատողներին հաշվում, նայում՝ ինչ գործ են անում, կոֆե են խմում, ես էլ կատակով իրենց ասել եմ՝ կարո՞ղ ա աշխատանքի տեսչությունից եք, որ ամեն օր գալիս էդ մարդկանց ստուգում եք»,-պատմել է Ղալումյանը։

Վահագն Ղալումյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է, որ շինարարական նախագծում շեղումներ են եղել, որոնց մասին ինքը զգուշացրել է, սակայն ստացել են աշխատելու հորդոր։

«Երբ շինարարական պրոցեսները գնացին, նախագծում շեղումներ նկատեցին, որոնց մասին ես իրենց զգուշացրել էի նախօրոք, նամակներ էլ ենք ուղարկել, ասել են աշխատեք։ 10 տոկոսի շեղում էր, պատկեր կային քանդված էին, տված չէր՝ ինչով վերանորոգեինք, պատուհանները քիչ էին նախագծած։ Թույլատրելի են դրանք, բայց մենք զգուշացրել ենք իրենց, որ սխալ են»,- նշել է Ղալումյանը։

Եզրափակելով խոսքը՝ Ղալումյանն ասել է, որ արդեն սեպտեմբերի 9-ին իրեն նամակով տեղեկացրել են, որ միակողմանի լուծարել են պայմանագիրը, որի գլխավոր մեղավորը Էդգար Հովհաննիսյանն է։

«Սեպտեմբերի 9-ին նամակով ուղարկել են լուծարման մասին թե՛ բանկին, թե՛ մեզ, որ ձեր պայմանագիրը 287 միլիոնից 200-ն արված է, իսկ մնացած 87 միլիոնը կասեցրել ենք և բանկից երաշխիքները բռնագանձել են»,-եզրափակեց Ղալումյանը։

ArmLur.am-ը կապ է հաստատել նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի հետ։ Հովհաննիսյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե որեւէ տրամադրվածություն չի ունեցել, շինարարական պրոցեսը կանգ է առել, ինչի համար համայնքապետարանը որոշել է դադարեցնել աշխատանքները:

«2022 թվականի սուբվենցիոն ծրագիր է։ Շինաշխատանքները սկսվեցին, որոնք բավականին արագ ու լավ տեմպով ընթանում էին։ Մենք որպես համայնքի ներկայացուցիչ անընդհատ ստուգում էինք, կար դրա հետ կապված հանձնաժողով, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ գնում և շինաշխատանքներին հետևում էին։ Մի ընթացք եկավ, երբ շինարարության տեմպը նվազեց։ Տեմպը նվազելուց հետո սկսվեցին բողոքները։ Շինարարության ընթացքում արված աշխատանքը կատարողականի միջոցով հանձնվում էր համայնքին, կատարողականը ստուգում էր, բոլորը գոհ էին՝ թե՛ շինարարները, թե՛ տեխհսկողը, թե՛ հանձնաժողովը, կատարողականի հիման վրա գումարը փոխանցվում էր տվյալ կազմակերպությանը։ Դրանից հետո մենք ընդհանրապես գործ չունենք՝ ինքն այդ գումարով իր աշխատողներին կվճարի, թե ինչ-որ նյութ կգնի»,-հայտարարել է Հովհաննիսյանը։

Վերջինս, ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ մանկապարտեզի աշխատնքները կտրուկ դադարեցվել են և ոչ մի շինաշխատանք չի կատարվել, և մանկապարտեզի շենքում ամիսներ շարունակ եղել է միայն հսկիչը։

«Հանձնաժողովը թե՛ վիդեոհոլովակով, թե՛ լուսանկարներով նկարահանել է, որ մանկապարտեզի դարպասները փակ են, շինաշխատանքները դադարեցված են և այնտեղ միայն պահակն է եղել։ Երբ գնացել ենք, միայն պահակն է եղել։ Բազմաթիվ անգամներ գրություններ է ուղարկվել Վահագն Ղալումյանին համայնքի կողմից, թե երբ կսկսվեն մանկապարտեզի աշխատանքները, ասել է ամսի մեկով, ամսի հինգով, երկուշաբթի։ Ամիսներ շարունակ ձգձգել է այդ պրոցեսը, համայնքն էլ որոշում է կայացնել դադարեցնել աշխատանքը»,- նշել է Հովհաննիսյանը:

Ի դեպ, Վահագն Ղալումյանը դատի է տվել Մեծամոր համայնքին, քանի որ առանց իրենց տեղեկացնելու միակողմանի լուծարել են պայմանագիրը: ArmLur.am-ի զրուցակիցը նշեց, որ իր ընտանիքը երեք բնակարան է գրավադրել, որ կարողանան մանկապարտեզի շինաշխատանքները իրականացնել, սակայն այսօր հայտնվել է նման իրավիճակում:

Ս. Գրիգորյան




Լրահոս