Armenian text to speach

Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը, ով Եռաբլուրի հողերի իրական վաճառողն է եղել, Վազգեն Սարգսյանի գյուղից է: Նիկոլ Փաշինյանը փաստացի հովանավորում է նրան, հեղափոխությունից հետո մասնակցել է նրա՝ գինու, կոնյակի գործարանի բացմանը (այս մասին՝ ավելի ուշ):

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է թվարկել քրեական վարույթի դրվագները։

Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով հողատարածքը Վալերի Նարիմանի Գրիգորյանին է օտարել Արմեն Սարգսյանը: Նշենք, որ այդ հողատարածքի շուկայական գինը կազմել է 95 մլն 680 հազար ՀՀ դրամ (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար), սակայն վաճառվել է ընդամենը 18 մլն 828 հազար դրամով (մոտ 48 հազար ԱՄՆ դոլար): Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Վալերի Գրիգորյանն այս հողատարածքը 18,8 մլն դրամով ձեռք բերելուց ընդամենը ամիսներ անց այն 96 մլն 800 դրամով (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար) վաճառել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեգ Հարթունյանին:

5-րդ դրվագով ՀՀ «Շախմատի տուն կից մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Հրաչիկ Գրիգորի Թավադյանին է օտարվել «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,15464 հա մակերեսով հողատարածքը ընդամենը 13 մլն 917 հազար 600 դրամով (մոտ 35 հազար ԱՄՆ դոլարով)։ Մինչդեռ այդ հողատարածքի շուկայական արժեքը եղել է 73 մլն դրամ (մոտ 187 հազար ԱՄՆ դոլար)։ Տեղեկացնենք, որ Հրաչիկ Թավադյանն էլ, պետությունից էժան գնով գնելով հողատարածքը, շուկայական գնով վաճառել է` ըստ ամենայնի վերը նշված ԱՄՆ քաղաքացիներ հանդիսացող Նարեգ եւ Սարո Հարթունյաններին։

6-րդ դրվագով Արմեն Սարգսյանը, հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,9 հա մակերեսով, 237 մլն 270 հազար դրամ (մոտ 608 հազար ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար), ուղղակի վաճառքով վաճառել է Հարություն Մանուչարյանին: Տեղեկացնենք, որ 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար) 2005-ին ձեռք բերած հողակտորը Հարություն Մանուչարյանը այնուհետեւ 2008 թվականին վաճառել է ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին 94 մլն 550 հազար դրամով (մոտ 242 հազար ԱՄՆ դոլար)։

Ահա, թե ով է կազմակերպել եւ իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը՝ փնջով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին, թե «Եռաբլուրի հողերը ծախեցիք, ավտոսալոններ բացեցիք»։ Վստահաբար, Փաշինյանը լավ տեղյակ է, թե ով, ինչ պայմաններում, ինչպես է Եռաբլուրի հողերը վաճառել, բայց իր իշխանության ողջ ժամանակահատվածում փաստացի հովանավորել է Արմեն Սարգսյանին, մասնակցել նրա բիզնես հաջողությունների զարգացմանը եւ, ստացվում է, որ հենց Փաշինյանն է Եռաբլուրի հողերի վաճառքի շահառուն:

Թեեւ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նա Արամ Սարգսյանի զարմիկն է, սակայն պարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ որեւէ բարեկամական կապ չունեն Արմեն Սարգսյանի հետ, պարզապես համագյուղացիներ են:

Շարունակելի…

 

 

 

 

 

2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին: Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էր հայտնվել ու, 6 ամիս կալանավորվելուց հետո, ազատ արձակվել: Գործը քննվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն  հետագայում տեղափոխվեց զինվորական քննչական բաժին: Արդյունքում, 6 տարի քննեց նախաքննական մարմինը ու նոր որոշում կայացրեց կարճել այս քրեական գործը: Ասել է թե՝ իրավապահները չկարողացան ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակը անպիտան է եղել: Հենց այս հիմքով էլ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, քրգործը կարճվել է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ հունվարի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ուժային կառույցների եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ կայացած հանդիպումից հետո իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործընթացին զուգահեռ ծնողները եւս իրենց ձեռքում հայտնված փաստաթղթերն են ի մի բերում: Ու մինչ ուժայինները առավել խորացված են գործերն ուսումնասիրում, ԱԱԾ-ն հայտնեց, որ 2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել  անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ եւ համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջեւ փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: Սակայն այս հանդիպման մանրամասները հանրությանը անհասանելի են:

 

 

 

 

 

Այսօր Երեւանի ավագանու նիստը թեժ է անցնելու, չի բացառվում, որ նախորդի օրինակով՝ նիստն ուղեկցվի քաշքշուկով ու փոխադարձ վիրավորանքներով: Ինչպես նախորդ նիստին, այսօր եւս իշխանականների ու ընդդիմադիրների միջեւ հնարավոր բախումները լինելու են տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Օրակարգում լինելու է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությունը, որի պահանջն էր փաթեթներին զուգահեռ ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս։ Իշխանություններն էլ իրենց հերթին հանդես են գալու տրանսպորտի սակագնի նոր փաթեթների առաջարկով: Ի դեպ, երեկ նաեւ տեղեկություն տարածվեց, որ Երեւանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են: Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, իսկ գործն ուղարկվել է ոստիկանություն, կատարվում է ուսումնասիրություն:




Լրահոս