Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ԱԺ՝ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հիմնած «Միասնական Ազգային Սահմանադրական» Կուսակցության համագումարը: Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 4-ին հեռացվել էր ՔՊ կուսակցությունից: Որպես հեռացման պատճառ՝ նշվում են պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերը, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։
-Պարո՛ն Աղազարյան, համագումարից հետո դիմե՞լ եք, որպեսզի կուսակցության գրանցումը լինի:
-Ոչ, շաբաթվա ընթացքում կաշխատենք դիմել արդեն:
-Այսինքն գործընթացը դեռ չի՞ ամբողջացել:
-Ոչ, դեռ չի ավարտվել:
-Պարո՛ն Աղազարյան, վերջնական քանի՞ հոգի է ստորագրել կուսակցության շարքերը համալրելու համար:
-350 հոգի են միացել, բայց ներկա են եղել 307 մասնակից:
-Ձեր նշած անձանց թվում, ասում էիք, որ կան նաեւ թիմակիցներ, որոնք եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու հետո դուրս են եկել, ովքե՞ր են նրանք:
-Ներկաների մեջ նրանք չկային:
-Համագումարին նրանք ներկա չե՞ն եղել:
-Ոչ, չէին եկել:
-Պարո՛ն Աղազարյան, իսկ կուսակցությունը հիմնելուց հետո Ազգային ժողովում ի՞նչ եք պատրաստվում անել, գնալո՞ւ եք նիստերին, մասնակցելո՞ւ եք:
-Իհա՛րկե գնալու եմ:
-Նույն կերպով շարունակելո՞ւ եք Ձեր գործողությունները Դուք եւ պարոն Ասլանյանը:
-Այո, ե՛ւ նիստերին ե՛ւ բոլոր գործընթացներին մասնակցելու ենք:
-Այլ գործողություններ չե՞ն լինելու, այսինքն՝ նիստերը բոյկոտեք կամ այլ քայլերի դիմեք:
-Ոչ:
-Տեղեկություններ կան նաեւ, որ Ձեր փաստաբանն ասել էր՝ առաջիկա նիստերին հնարավոր է գլխավոր դատախազը ԱԺ մտնի Ձեր հարցով: Դուք նման տեղեկություն ունե՞ք:
-Համենայնդեպս ինձ այդ մասին տեղյակ չեն պահել, որովհետեւ եթե դատախազը գալիս է, այդ դեպքում նաեւ մյուս կողմին էլ են տեղյակ պահում: Ես տեղեկացված չեմ:
-Քանի որ ունեք Ձեր առանձին կուսակցությունը, հնարավո՞ր է՝ մտածեք մանդատը վայր դնելու ու որպես առանձին քաղաքական ուժ հանդես գալու մասին, թե՞ մտադիր եք Ազգային ժողովում շարունակել Ձեր գործողությունները:
-Ոչ, իսկ ինչո՞ւ պետք է իմ մանդատը վայր դնեմ: Ազգային ժողովում հանդես կգանք եւ կներկայացնենք մեր կուսակցությունը:
-Պարո՛ն Աղազարյան, Դուք նաեւ մասնակցելու եք արտահերթ կամ հերթական ընտրություններին: Մեզ հետ զրույցում ասացիք, որ վստահ եք՝ արտահերթ ընտրություններ են լինելու: Շարունակո՞ւմ եք նույնը պնդել:
-Այո, շարունակում եմ պնդել, որ լինելու են արտահերթ ընտրություններ:
-Այսինքն մինչեւ 2026 թվական չի՞ հասնի ընտրության հարցը:
-Մինչեւ ամառ պետք է լինի, որովհետեւ երբ մնում է 1 տարի Ազգային ժողովի գումարման ավարտին, պետք է մեկ տարի շուտ անել: Իսկ մեկ տարի շուտը մինչեւ հունիսի 20-ն է: Հետեւաբար, ապրիլի կեսին հավանաբար պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները:
-Եթե հասցնեք առաջադրվել, թեկնածուն Դուք կլինե՞ք:
-Չեմ կարող ասել:
-Քանի որ Դուք եք նախագահը, հնարավոր է Դուք լինեք:
-Դա կապ չունի: Այնտեղ շատ հարցեր կան, երիտասարդներ կան: Դեռ կորոշենք:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ
ՀԱՊԿ-ի հանդեպ Երեւանում կուտակված հարցերի փոխզիջումային հանգուցալուծումները կարելի է գտնել բանակցությունների միջոցով դաշնակիցների շրջանում, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք ի զորու ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ գծով դաշնակիցների շրջանակում եւ համատեղ, գործընկերաբար գտնել փոխզիջումային հանգուցալուծումներ կուտակված բոլոր հարցերի վերաբերյալ։ Ի դեպ, այդ հարցերում եւս ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- ասել է Կոպիրկինը՝ ի պատասխան այն հարցի, թե որքան է հավանականությունը, որ Երեւանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, եւ ինչ հետեւանքների կարող է դա հանգեցնել։ 2024 թ. փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հայտնել է. «Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն հարց ու պատասխան տալով հոդված է հրապարակել՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերնագրով, որտեղ նշված է. «Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության, Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ: Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ…»։
Փաշինյանը սա «նկատում է» ավելի քան 2 տարի անց, քանի որ «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթը սկսվել է ակտիվորեն գեներացվել հենց Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Միգուցե տարիներ անց էլ «նկատի», որ Արցախը զիջելով ու ՀՀ կենսական շահերից հրաժարվելով այդպես էլ խաղաղություն չկառուցվեց, այլ Ադրբեջանը փոխարենն ավելի ագրեսիվ դարձավ։ Բայց մինչեւ պարզ բաները «նկատի», արդեն մեր պետության համար շա՜տ ուշ կլինի…»:

















































































