Armenian text to speach

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՆԱՐԴԱՐ ՎԱՐՎՈՒՄ ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 31-ից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով իրենց աշխատանքային պայմանների վերանայում, սակայն 10 օր է անցել, հարցը չի կարգավորվում։ Ավելին՝ աշխատակիցներից ոմանց ԶՊՄԿ տնօրենությունն ազատել է աշխատանքից, իսկ մի մասի նկատմամբ էլ քրգործ են ուզում հարուցել։

 

Իսկ ովքեր են այս հանքավայրի սեփականատերերը, որոնք ոտնահարում են մարդկանց իրավունքները, չեն ընդառաջում պահանջներին։

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ԶՊՄԿ իրական շահառու ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, իր բաժնեմասը՝ 47.6%-ը, անուղղակի օտարել է, եւ հիմա ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։ Վերջինս, ռուսական «Վեդոմոստի» պարբերականի համաձայն, 2012 թվականի դրությամբ հանդիսացել է Ռոման Տրոցենկոյին պատկանող AEON Corporation-ի փոխնախագահ։ Բացի այդ, Սվետլանա Երշովան Գլեբ Տրոցենկոյին փոխարինել է նաեւ մյուս հանքարդյունաբերական ընկերությունում (72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս 21/11/2023 թ.-ից)՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում։ Ըստ «Հետքի»՝ այս փոփոխությունները, ամերիկյան աղբյուրների համաձայն, կապված են եղել ԱՄՆ կողմից Վլադիմիր Պուտինի մտերիմ Տրոցենկոների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում բաժնեմաս ունի նաեւ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ 21.9 տոկոսով։ Կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն՝ ի դեմս տնօրեն Առնակ Ավետիսյանի։

ԶՊՄԿ ընկերությունում ներկայում 11.9% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս ունի նաեւ Ռուսաստանի քաղաքացի Միրզաազիզ Մուսախանովը, որի անունը եւս Տրոցենկոների բիզնեսների մասին հոդվածներում է հիշատակվում՝ որպես նրանց գործընկեր։

Ամփոփելով տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության, Սվետլանա Երշովայի եւ Միրզաազիզ Մուսախանովի բաժնեմասերը միասին ԶՊՄԿ-ում կազմում են 81.4%: Իրական շահառուների հայտարարագրում ԶՊՄԿ-ի մյուս բաժնետերերը նշված չեն։

Ահա այս մարդիկ են, որ, ըստ գործադուլավորների, պղնձամոլիբդենային հանքից ստանում են գերշահույթներ, իրենց հարազատներին ու մտերիմներին միլիոնավոր դրամների աշխատավարձ են տալիս։ Անգամ շատերն աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստանում, իսկ շարքային աշխատակիցները, որոնց աշխատանքի շնորհիվ է հանքը գործում, ստանում են անհամեմատ ցածր աշխատավարձ՝ իրենց կատարած վտանգավոր աշխատանքի դիմաց։

Իսկ Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանը, որ սուր էր ճոճում, թե ԶՊՄԿ-ում անարդարությունը վերացրել է, եւ հիմա բաժնեմաս ունի գործադիրը, փաստացի մասնակից է սյունեցիների շահագործմանը։

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդը 2024թ. դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես, գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշեր այլեւս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ եւ ձեռք բերել յուրաքանչյուր աճուրդի ժամանակ։

 

 

ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիության դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը կվնասի թե՛ Եվրոպային, թե՛ հենց ԱՄՆ-ին։ Այս մասին Մակրոնն ասել է CNN-ին տված հարցազրույցում։ «Նախ, մի՞թե Եվրամիությունը ձեր առաջին խնդիրն է: Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Ձեր առաջին խնդիրը Չինաստանն է, այնպես որ դուք պետք է կենտրոնանաք ձեր առաջին խնդրի վրա: Երկրորդ, Եվրոպան ձեր դաշնակիցն է, եւ եթե դուք ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ զբաղվի ներդրումներով եւ պաշտպանության ու անվտանգության հարցերով, ինչը, կարծում եմ, ԱՄՆ-ի շահերից է բխում, ապա հարկ չկա վնասելու եվրոպական տնտեսությունը` սպառնալով նրան մաքսատուրքերով», – ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը շեշտել է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ բազմաթիվ ոլորտներում սերտ կապեր կան։ Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ն չպետք է սպասի իրադարձությունների զարգացմանը եւ արձագանքի դրանց, այլ պետք է գործի՝ ելնելով իր շահերից։

 

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ՝ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Հենրիխ Դանիելյանը հայտնում է. «Վերջին դեպքերը Սեւանում, Ջրաբերում եւ Մերձավանում, վկայում են, որ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են։ Այսօր մենք ականատես ենք օրենքի խախտման ու հասարակության ապակայունացման աննախադեպ մակարդակի, որը հետեւանք է ներկա իշխանությունների անգործության, կառավարման անկարողության եւ օրինականության հիմնասյուների փլուզման։ Սերժ Սարգսյանի օրոք Երեւանը դասվում էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների շարքին, իսկ այսօր երկիրը վերածվել է անարխիայի օջախի, որտեղ զենքն ու հանցագործները դարձել են իշխանության թուլության եւ անպատասխանատվության խորհրդանիշ։ Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խոր ճգնաժամի մեջ, գործող իշխանությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը եւ վերականգնել նրանց իրավունքը՝ անվտանգ եւ հանգիստ ապրելու իրենց երկրում»։

 

 




Լրահոս