Անցած տարի կատարված ողբերգական դեպքով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով սպանել է Ազատ Նիկողոսյանին, ինչպես նաեւ մարմնական վնասվածք պատճառելու համար, նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ, ավազակությամբ հափշտակել է վերջինիս գույքը:
Գոռ Ռաֆիկի Համբարձումյանն իր մորաքրոջ որդու՝ Ազատ Նիկողոսյանի բնակության վայր՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Անկախության փողոցի 16/1 տուն կատարած այցելությունների ընթացքում, տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել Ազատ Նիկողոսյանին եւ ավազակությամբ հափշտակել այն:
Իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունների կատարման նպատակով Գոռ Համբարձումյանը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է Ազատ Նիկողոսյանին՝ պարզելու՝ վերջինս տանը միայնակ է, թե ոչ:
Պարզելով, որ Ազատ Նիկողոսյանը տանը միայնակ է, սակայն իր հետ նրան սպանելու համար նախապես որեւէ առարկա չի վերցրել, Գոռ Համբարձումյանը, փայտ կոտրելու պատրվակով, վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ Ազատ Նիկողոսյանը տանը կացին չունի, որոշել է նրան սպանել իր տանը գտնվող մուրճով:
Որպեսզի Ազատ Նիկողոսյանը չհասկանա իր այցելության իրական նպատակը, նրանից խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու եւ դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով՝ վերադարձել է իր բնակության վայր հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ազատության փողոցի 58-րդ տուն:
Իր բնակության վայրից վերցնելով մուրճ եւ այն թաքցնելով պարկի մեջ, ինչպես նաեւ խոհանոցային դանակ, որը թաքցրել է գոտկատեղի շրջանում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է Ազատ Նիկողոսյանի բնակության վայր:
Տուն մտնելուց հետո, երբ Ազատ Նիկողոսյանը նստել է մահճակալին, Գոռ Համբարձումյանը, պարկից աննկատ հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկա հանդիսացող մետաղյա գլխով մուրճը, շահադիտական դրդումներով Ազատ Նիկողոսյանին կյանքից զրկելու եւ բռնություն գործադրելով վերջինիս գույքը հափշտակելու դիտավորությամբ՝ առնվազն 4 հարված է հասցրել վերջինիս մարմնի կենսական նշանակություն ունեցող հատվածին՝ գլխի գագաթային շրջանին, եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձեւով վնասվածքներ՝ սպանել է նրան:
Տեսնելով, որ Ազատ Նիկողոսյանն անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինիս պարանոցին առկա ոսկյա շղթան եւ հափշտակելով դրա մանր չափերով՝ 65.000 ՀՀ դրամ արժողությամբ 36,5. սմ երկարությամբ մի հատվածը՝ վերադարձել է իր տուն:
Հանցագործության գործիք հանդիսացող մուրճը եւ դանակը թողնելով տանը՝ գնացել է Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Պալաս» առեւտրի կենտրոն, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է Ռիմա Բորիկի Բունիաթյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐՈՎ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ
Դեռեւս անցած տարի Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք, ներկայանալով կեղծ անուններով, համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում, եւ կիրառելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովումներ` հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք փոխարկում են տարբեր կրիպտոարժույթների։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ հաջողվեց է պարզել, թե իրականում ովքեր են թաքնված հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունների հետեւում։
Հանցավոր կազմակերպությունների անդամները, հանցավոր գործունեությունը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով, հարկային մարմիններում գրանցվել են որպես ծրագրային ապահովման եւ մանրածախ առեւտրի ոլորտում գործող կազմակերպություններ: Եվ սա նախազգուշական միակ գործողությունը չի եղել։ Գրասենյակային տարածքներում առկա համակարգիչներն օգտագործվել են հեռահար հասանելիությամբ` չեզոքացնելով համակարգիչներում ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տվյալների պահպանման ռիսկը։ Հաշվի են առել նաեւ անակնկալ խուզարկության հնարավորությունը. ապացուցողական տվյալները ոչնչացնելու նպատակով՝ ձեռք են բերել տարաբնույթ անվտանգության համակարգեր, նաեւ կիրառել հատուկ համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով կարելի է անմիջապես ոչնչացնել համակարգչում եղած էլեկտրոնային տվյալները։
Հունվարի 31-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից միաժամանակյա անսպասելի խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի՝ գրասենյակային նշանակության տարածքներում։ Հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, որ վերոնշյալ անձանց խումբն իրականացնում է ենթադրյալ հանցավոր գործունեություն։
Այժմ ոստիկանությունը համագործակցում է Եվրոպական երկրների իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով։
ՎԵՃ ՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐ
Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում հնչել են նաեւ կրակոցներ։ Ոստիկանության փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից. պատռված վերքով բուժօգնության էին դիմել Շիրակի մարզի Բյուրակն գյուղի 36-ամյա եւ բաց հրազենային կոտրվածքով՝ Բերքաբեր գյուղի 40-ամյա բնակիչներ։ Կոտայքի քրեական եւ համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ, ըստ նախնական տվյալների, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդը գնացել է Նոր Գյուղ համայնքում գտնվող 40-ամյա տղամարդու տուն եւ, սպանելու նպատակով, հարձակվել այնտեղ գտնվող 36-ամյա տղամարդու վրա։ Նա նույն վայրում գտնվող էլեկտրոնային սղոցով հարվածել է 36-ամյա տղամարդու գլխին, վերցրել կացին, կրկին հարվածներ հասցրել նրան, ինչից հետո իր մոտ գտնվող ատրճանակից կրակոցներ արձակել օգնության հասած 40-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս ստացել է հրազենային վնասվածք։ Հնարավոր զարգացումները կանխելու համար, 48-ամյա տղամարդուն ձերբակալելու նպատակով՝ քրեական ոստիկաններն այցելել են նրա բնակության վայր։ Տեսնելով ոստիկաններին՝ նա մեքենայով դիմել է փախուստի։ Հետապնդելու ընթացքում հասնելով Քանաքեռավան գյուղի Երեւանյան խճուղում գտնվող գազալցակայան՝ կայանել է մեքենան, 2 կրակոց արձակել քրեական ոստիկանների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայողական մեքենային։
Հետապնդելու ընթացքում տեսնելով, որ նա կրկին կրակոց է արձակում իրենց ուղղությամբ, քրեական ոստիկանն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո մեկ անգամ կրակել է մեքենայի անվադողի ուղղությամբ։ Օգնության հասած պարեկների կողմից կանգնեցվել է հետապնդվող մեքենան։ Տղամարդը վնասազերծվել եւ ձերբակալվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված վիճակում: Ձերբակալվածը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։























