Armenian text to speach

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մենք բողոքող տնտեսվարողներին ներկայացրել ենք խնդրանք՝ «թող ներկայացվի հավաքական առաջարկ», սակայն պատասխան չի եղել: Այս մասին, նշել է ֆինանսների նախարարության փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ տնտեսվարողները բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

 

«Եղել է ընդամենը մեկ առաջարկ՝ հետաձգել այս կատարված փոփոխությունները եւ մեր արձագանքը եղել է շատ հստակ։ Օրենսդրական փոփոխությունը հիմնված է եղել շատ փաստարկների ու հիմնավորումների վրա: Հետեւաբար չի կարող առանց նոր ավելի ուժեղ փաստարկների եւ վերլուծությունների որեւէ վերանայում կատարվել: Ասում են՝ հետաձգեք. որտե՞ղ է երաշխիքը, որ այդ հետաձգված ժամանակահատվածի ավարտից հետո կրկին նման պահանջ չի ներկայացվի, հետեւաբար մենք բովանդակության կողմնակից ենք, եւ, ցավոք, մինչ այս պահը մենք չենք ստացել նման հիմնավոր վերլուծություններով ուղեկցվող առաջարկ»,-ասաց նա:

Փոխնախարարը չի համաձայնել պնդմանը, որ այս փոփոխությամբ փոքր ու միջին բիզնեսի վրա հարկային բեռն ավելանում է. «Առհասարակ այս փոփոխությունը շրջանառության հարկի բեռի բարձրացման մասին չէ: Այս փոփոխությամբ, այո, շրջանառության հարկի դրույքաչափը, որը կիրառվում է իրացման շրջանառության նկատմամբ, բարձրացել է, բայց ինչու ենք խոսում միայն այս դրվագի մասին եւ չենք խոսում մեկ այլ՝ ըստ իս շատ ավելի կարեւոր դրվագի մասին, որով հնարավորություն է ընձեռվել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարագայում այդ հաշվարկված հարկը նվազեցնել, ընդ որում այն չափով նվազեցնել, որ վերջնարդյունքում ստացվող հարկը լինի ավելի ցածր, քան մինչեւ օրենսդրական փոփոխություններն էին։ Ոչ ոք սրա մասին կարծես չի ուզում խոսել, բայց մենք առանց հոգնելու անընդհատ խոսելու ենք այս մասին, բացատրելու ենք ու հորդորելու ենք ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորել, որի պարագայում,  այո, հնարավոր է անգամ հարկային բեռի նվազեցում», – ասել է Պողոսյանը:

Նա նկատել է. «Տրամաբանությունը հուշում է, որ ո՞վ պետք է բողոքի այս հնարավորությունից, չէ՞ որ կա գործնական հնարավորություն հարկային բեռը նվազեցնելու: Պետք է դժգոհեն նրանք, որոնք սովոր են ու փորձում են կամ ցանկանում են շարունակել աշխատել առանց փաստաթղթավորման, իսկ դա ծնում է ստվեր, ստվերային շրջանառություններ, ընդ որում ոչ միայն իրենց մոտ, այլ նաեւ իրենց մատակարարների մոտ, որոնք արդեն խոշոր արտադրողներ են, խոշոր ներմուծողներ են»:

Փոխնախարարի մեկնաբանմամբ, իրենք այս փոփոխությամբ մոտիվացնում են, որ փոքր տնտեսավարող սուբյեկտները խոշորներից փաստաթղթեր պահանջեն, դրանով իսկ խոշորների իրացման շրջանառության իրական ծավալները ի հայտ գան։

Հիշեցնենք, որ, երեկ, Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին  իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանց խոսքով՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: Տնտեսվարողներին նախորդ շաբաթ ընդունել էին կառավարությունում, սակայն արդյունքները նրանց չեն գոհացրել։

Տնտեսվարողները դժգոհում են նաեւ համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։

 

 

 

ՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ Է ԿԱՄՈՒՐՋԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

2024թ. մայիսին ջրհեղեղից, Աղստեւի վարարման հետեւանքով փլվել է Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում` միջպետական ճանապարհի մոտ գտնվող կամուրջը։ Կամուրջի փլուզման հետեւանքով մի քանի ընտանիքների բնակիչներ չէին կարողանում խանութից հաց գնել։ Հաղարծին գյուղից հայտնում են, որ այժմ կամուրջի կառուցման աշխատանքներ են ընթանում, Հաղարծինից հայտնում են, որ կամրջի շինարարության հովանավորները Վիգեն եւ Վահե Բադալյաններն են, որոնք արմատներով Հաղարծին գյուղից են` Ռոմիկ Բադալյանի որդիներն են։ Հաղարծինից ասացին, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով ծնունդով Հաղարծին գյուղից է, Հաղարծինում ասել է, որ կամուրջը Դիլիջանի համայնքապետարանի միջոցներով է կառուցվում։  Հավելենք` Բադալյան եղբայրները Հայաստանում բուքմեյքերական բիզնեսի առաջատարներ են, նրանք կապեր ունեն կարկառուն ՔՊ-ականների հետ։

 

 

 

65 ՄԼՆ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը հարցրել է. 2025 թվականի պետական բյուջեով որքա՞ն գումար է նախատեսված Տավուշի մարզպետարանի միջոցով մարզի անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու համար։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի նախահաշվով նշված հոդվածով նախատեսված է 67547,0 հազար դրամ»։ Հավելենք, որ 2025 թվականի պետբյուջեով 65 միլիոն դրամ է նախատեսված Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգեւատրելու համար։ Թե նրանք ինչ նվաճումների, արդյունքների համար են պարգեւատրվում, հայտնի չէ։

 

 

 

ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Փետրվարի 12-ին` ժամը 12:00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` Իջեւան քաղաքում, տեղի կունենա ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի եւ մյուսների վերաբերյալ հերթական դատական նիստը։ Ս. Մանուկյանը մեղադրվում է գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ  Խաչատուր Քոքոբելյանի հորը՝ Գրիշա Քոքեբելյանին նրա բնակության վայրից՝ Իջեւան համայնքի Աչաջուր գյուղից առեւանգելու, Ալավերդի համայնքի Ծաթեր գյուղ տեղափոխելու, նրա ազատման դիմաց փրկագին ստանալու համար։  Ս. Մանուկյանը կալանքի տակ էր 2022թ. օգոստոսի 11-ից. երկուսուկես տարի անազատության մեջ մնալուց հետո նրա խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Մանուկյանը բազմիցս նշել է, որ քրեական գործի նյութերում չկա գոնե գեթ մեկ ապացույց, որը լինի ճշգրիտ կամ անժխտելի։ Հերթական նիստում լսելու են տուժող կողմին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս