![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/wwcBcqz6dt4395DtAszWqB65hNCqLqKWlObCtm6f.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպումը գնահատում է շատ կարևոր ու արդյունավետ:
Փաշինյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին:
Նրա խոսքով՝ Սպիտակ տանն ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չեն եղել: ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը եղել է ԱՄՆ իր այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը: Հընթացս գաղափար է առաջացել, կազմակերպվել է հանդիպումը չնախատեսված կարգով:
«Հանդիպումը բավականին երկար է տևել: Տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն՝ ոչ տետատետ: Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը: Մեր կողմից ԱՄՆ–ում մեր դեսպանն է մասնակցել, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն է մասնակցել, իմ մամուլի խոսնակն է մասնակցել: Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել: Ընդ որում, տեղի է ունեցել իրենց համար շատ խառը միջավայրում: Եվ մենք բարձր ենք գնահատում»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ նման հանդիպում անցկացնելու հետաքրքրություն հընթացս ձևավորվել է երկուստեք:
Վարչապետը հանդիպումը գնահատում է շատ կարևոր ու շատ արդյունավետ:
Անդրադառնալով հարցին, թե վերջերս Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրվող ռազմավարական գործընկերության կանոնակարգը հնարավո՞ր է կյանքի չկոչվի ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումների արդյունքում՝ Փաշինյանն ասաց.
«Անցման շրջանում է ստորագրվել: Եվ այդ շրջանում տրանզիցիոն թիմեր են ձևավորում: Ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել այս փաստաթղթի ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել»:
Օրեր առաջ ԱՄՆ այցի շրջանում Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։