Ներկայումս 1,5 միլիարդ դոլարի գույք կալանքի տակ է․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի գույքի վերադարձը պետք է իրականացվի իրավական մեխանիզմներով և ընթացակարգերով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ստեղծել է համապատասխան պետական ինստիտուտ, որը շարունակաբար կիրականացնի ապօրինի գույքի բռնագանձումը՝ անկախ քաղաքական իշխանություններից։

«Մեր մոտ մենք ունենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, ունենք պետական շահերի պաշտպանության գործերի շրջանակում բռնագանձման համակարգ և համայնքային շահի պաշտպանության համակարգ։ Մենք ստեղծել ենք ազգայնացման ինստիտուտ»,- նշեց վարչապետը։

Նա հավելեց, որ կառավարությունն այս ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարել, և որ այս համակարգը այլևս չի կախված որևէ քաղաքական ուժի կամքից։

«Մենք ստեղծել ենք պետական ինստիտուտ։ Մենք վատ իշխանություն ենք, վատ ենք իրագործում ապօրինի գույքի վերադարձի համակարգը, մեր ժողովուրդը կընտրի լավ իշխանություն, և այդ լավ իշխանությունը կգա ու մեր նման 5 տարի չարչարվելու փոխարեն կգործի արդեն ստեղծված մեխանիզմով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ ներկայումս 1,5 միլիարդ դոլարի գույք կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ այդ գույքը չի կարող դուրս բերվել Հայաստանի սահմաններից։




Լրահոս