Համայնքային բյուջեի և ոչ համայնքային ներդրումների ծրագրերի շրջանակներում այս տարի մայրաքաղաքում կիրականացվեն 30 մլրդ դրամի շինարարության և բարեկարգման աշխատանքներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով տարեկան անելիքները, ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Իսկ մինչ այդ, նա մանրամասն անդրադարձավ ծրագրերին ու դրանց հատկացվող գումարներին։
Ըստ փոխքաղաքապետի՝ այս տարի ևս շուրջ 20 փողոցներ կհիմնանորոգվեն, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, դրանք կլինեն ծայրամասային թաղամասերում, ավելի քան 300 փողոցներ էլ կվերանորոգվեն։
Ըստ նրա, ընթացքի մեջ են ճանապարհաշինության երկու խոշոր ծրագրեր, որոնցից Իսակով-Լենինգրադյան մայրուղու շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին, և այն առաջին կիսամյակում շահագործման կհանձնվի։ Իսկ երկրորդը՝ Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Արգավանդի խաչմերուկից մինչև Նորագավիթ ճանապարհի կառուցումն է։
Կամո Արեյանը տեղեկացրեց, որ սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների համար մրցույթները հայտարարված են, և աշխատանքները կմեկնարկեն այս շաբաթից։
Երևանի փոխքաղաքապետը նաև նշեց, որ 350 մլն դրամ է հատկացված վերանորոգելու մայրաքաղաքում առկա «գրունտային» ճանապարհները, 30 մլն դրամ՝ վատթար եզրաքարերի վիճակը բարեկարգելու համար։ 18 վերգետնյա անցումներին, ըստ նրա, կգումարվեն ևս 7-ը, իսկ ստորգետնյա 3 ոչ բարվոք վիճակում գտնվող անցումներ 15 մլն հատկացումով կբարեկարգվեն։ 200-ից ավելի թեքահարթակներ կավելանան քաղաքում։
Բնակելի շինարարության ծրագրի անդրադառնալով՝ փոխքաղաքապետը նշեց, որ 470 ընտանիքներ, ովքեր ապրում են 4-րդ աստիճանի վթարային շենքերում՝ կապահովվեն բնակարաններով։
«2,7 մլրդ դրամի ծրագրի մեկնարկը տրված է, և Մարգարյան 37-ում սկսված են աշխատանքները»,-նշեց նա։
Կամո Արեյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը բարեկարգում է 400 բակ, մինչդեռ, ըստ նրա, այս տարի 600 բակի բարեկարգում կլինի, կվերականգնեն մի շարք ֆուտբոլային դաշտեր։
Կանաչապատման ոլորտում ևս աշխատանքներ կտարվեն։ «Մայրաքաղաքում 860 հա է հասել, և այս տարի 1, 5 մլրդ դրամ կհատկացվի կանաչապատման ընթացիկ աշխատանքների համար»,-նշեց նա և թվարկեց, որ դրանց մեջ են մտնում ոռոգման ցանցի անցկացումը, կանաչապատման և ծաղկապատման տարեկան խնամքի աշխատանքները և այլն։